Շիրակի մարզի 6 վարչական տարածքներից (Գյումրի, Արթիկ, Ախուրյան, Անի, Աշոցք, Ամասիա) Արթիկը սահմանադրական փոփոխությունների օգտին ամենաբարձր ցուցանիշ ապահոված տեղանքն է: Արթիկի վարչական տարածքում, որի մեջ մտնում են 23 գյուղեր եւ մեկ քաղաք՝ Արթիկը, արձանագրվել է հետեւյալ պատկերը. հանրաքվեին մասնակցել են 23 115 քաղաքացի, այսինքն` 59,2 տոկոս. «այո» քվեարկածների թիվը 16 808 է, որը կազմում է 72,6 տոկոս, «ոչ» քվեարկածների թիվը 5304 է՝ 22,9 տոկոս, անվավեր քվեաթերթիկները 986-ն են՝ 4,25 տոկոս:
Արթիկ քաղաքում, որի քաղաքապետը հանրապետական Արսեն Աբրահամյանն է, հաղթել է «այո»-ն, հանրաքվեին մասնակցել է 8364 քաղաքացի, որը կազմում է 55 տոկոս, «այո» -ի օգտին քվեարկել են 5924 հոգի՝ 70,83 տոկոսը, «ոչ» -ի օգտին 24,95 տոկոսը:
«Այո»-ի ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել Արթիկի տարածաշրջանի Պեմզաշեն գյուղում, որի գյուղապետը՝ Անանիկ Ոսկանյանը Արթիկի ԵԿՄ կառույցի պատասխանատուն է, գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է: Նշենք, որ հանրաքվեի օրը այս գյուղում նաեւ գյուղապետ էին ընտրում, ի դեպ, գործող գյուղապետը մրցակից էլ չուներ: Այս գյուղն ունի երկու ընտրատեղամաս 36/33-ը եւ 36/34-ը, մի ընտրատեղամասում «այո»-ն հավաքել է 96,4, մյուսում՝ 83,6 տոկոս:
Կարդացեք նաև
Ոչ պակաս ռեկորդային է պատկերը Արթիկի տարածաշրջանի մեկ այլ գյուղում՝ Մեղրաշենում, որի գյուղապետը ՕԵԿ-ական Հունան Պողոսյանն է՝ Արթիկի ոստիկանապետի եղբայրը: Օբյեկտիվ լինելու համար նշենք, որ նա Շիրակի մարզի լավագույն գյուղապետերից մեկն է: Նրա ղեկավարած գյուղում «այո»-ն հավաքել է 92 տոկոս:
«Այո»-ի բարձր ցուցանիշներ են արձանագրվել նաեւ Արթիկի մյուս գյուղերում՝ օրինակ՝ Վարդաքարում, որի բնակիչները տարիներ շարունակ բողոքի ակցիաներ էին անցկացնում Շիրակի մարզպետարանի դիմաց այն պատճառով, որ պետական ծրագրի համաձայն քանդելով գյուղի դպրոցի շենքը՝ խաբել ու չէին վերանորոգել: Կառավարությունն առաջարկում էր փակել գյուղի դպրոցը ու աշակերտներին տանել հարեւան գյուղի՝ Նոր Կյանքի դպրոց: Այս տարի վերջապես կլուծվի գյուղի դպրոցի շենքի հարցը, որն էլ, ամենայն հավանականությամբ, պատճառ է դարձել, որ այս գյուղի բնակիչները քվեարկեն «այո»-ի օգտին:
Արեւշատ գյուղն էլ հետ չի մնացել մյուսներից, այստեղ «այո»-ն ստացել է 84,6 տոկոս, Արթիկի տարածաշրջանի Փոքր Մանթաշ գյուղում էլ՝ 84 տոկոս:
Այնպես որ կարելի է արձանագրել, որ Շիրակի մարզում «այո»-ն հաղթեց ի շնորհիվ Արթիկի:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ