Այսօր Ադրբեջանի վերաքննիչ դատարանում շարունակվել են Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի եւ նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսի գործով վերաքննիչ բողոքի լսումները։ «Apa»-ի տեղեկացմամբ՝ փաստաբանը դատարանին խնդրել է արդարացնել Յունուսներին:
Դատախազը դատարանին խնդրել է չբավարարել վերաքննիչ բողոքը։ Դատարանը գնացել է խորհրդակցության, ինչից հետո հրապարակվել է որոշումը։
Դատարանը Լեյլա եւ Արիֆ Յունուսներին արդարացնելու հիմք չի տեսել։ Սակայն նշվել է, որ նրանց նկատմամբ կայացված դատավճիռը պետք է փոխվի։ Քանի որ լրացել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 320-րդ հոդվածի (որով մեղադրվում էր Լեյլա Յունուսը) գործողության ժամկետը, այդ հոդվածը պետք է հեռացվի դատավճռից։
Լեյլա Յունուսին 8,5 տարով ազատազրկման դատապարտելու որոշումը փոխարինվել է 5 տարի փորձաշրջանով։ Լեյլա Յունուսն այժմ ազատության մեջ է։ Նշված է, որ նույն որոշումը կայացվել էր նաեւ նրա ամուսնու՝ Արիֆ Յունուսի նկատմամբ։
Կարդացեք նաև
«Apa»-ն հիշեցրել է, որ նոյեմբերի 12-ին Բաքվի վերաքննիչ դատարանը Արիֆ Յունուսի նկատմամբ կիրառված կալանքը որպես խափանման միջոցը փոխել է չհեռանալու մասին ստորագրությամբ։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ