Առաջնագծում լարումն ավելանում է, այս երեկո առաջին անգամ Ադրբեջանը նաեւ տանկից է կրակել, ունենք զոհ: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին հարցնելով՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը փորձեց ՊՆ նախարար Սեյրան Օհանյանից տեղեկատվություն ստանալ: Նախարարը պատասխանեց, որ իրադրությունը ՀՀ եւ Արցախի սահմաններում մնում է լարված, ավելին՝ հանրաքվեի նախօրեին եւ հիմա հասել է իր գագաթնակետին ու հիմա կրակում են խոշոր տրամաչափի ականանետերից՝ 60, 82 եւ 120 միլիմետրանոց ականանետերից են կրակում, ընդ որում, օրվա ընթացքում դա հասել է բավականին մեծ քանակության:
Նախարարը հաստատեց, որ Արցախի պաշտպանության բանակի սահմանի հարավ-արեւելյան հատվածում մեր դիրքերի ուղղությամբ տանկերից են կրակել:
Ըստ նախարարի, սա Ադրբեջանի վարած քաղաքականության հետեւանքն է, որը տանում է դեպի ապակայունացում՝ չհասկանալով, որ բանակցային գործընթացում միայն խաղաղ պայմաններն են եւ առաջին գծում վստահության մթնոլորտն է, որը կարող է տանել դեպի երկխոսության եւ հարցին վերջնական լուծում տալ: Նրանց ղեկավարությունը այս ամենը չի հասկանում, տանում է դեպի լարում բանակցային գործընթացի կամ տարբեր քաղաքական իրադարձությունների շրջանակներում՝ փորձելով խոսել Հայաստանի եւ Արցախի հետ ուժի տեսանկյունից:
Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ մեր բանակը վերահսկում է իրավիճակը եւ լուրջ պաշտպանողական, կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում եւ նրանց անձնուրաց աշխատանքի շնորհիվ է, որ կարողանում ենք հարաբերական անդորր պահպանել. «Մեր հարեւանները միայն ուժի լեզվով են ուզում խոսել մեր հետ»:
Կարդացեք նաև
Նախարարը հիշեցրեց, որ իրենց մեջլիսների ընտրությունների ժամանակ մենք չենք կրակում, իսկ իրենք իրենց դեմքն են ցույց տալիս մեր ընտրությունների ժամանակ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ