ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2015թ. դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում գրանցված բազմաթիվ խախտումների վերաբերյալ
Մենք՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) ներկայացուցիչներս, խորը վրդովմունք ենք հայտնում ս.թ. դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման, անցկացման եւ հաշվարկի ընթացքում գրանցված բազմաթիվ խախտումների վերաբերյալ։
Կարդացեք նաև
Պնդում ենք, որ հանրաքվեի արդյունքի վրա ազդելու նպատակով իշխանությունները ձեռնարկել են բոլոր հնարավոր միջոցները՝ վարչական ռեսուրսի օգտագործում, ընտրակաշառքների բաժանում, ընտրողների ուղղորդում, հանձնաժողովների ընդդիմադիր անդամների, վստահված անձանց, դիտորդների եւ լրագրողների հանդեպ ճնշումներ ու բռնություններ, լցոնումներ, հանրապետությունից բացակայող եւ մահացած անձանց փոխարեն, ինչպես նաեւ նույն անձանց կողմից բազմակի քվեարկություններ, քվեատուփերի ու գրանցամատյանների առեւանգման դեպքեր եւ այլն։
Այն տեղամասերում, որտեղ ընդդիմադիր ուժերի դիտորդները, վստահված անձինք եւ հանձնաժողովի անդամները կարողացել են կանխել ընտրախախտումները, ընտրողների մասնակցությունը չի գերազանցել 30-35 տոկոսը, եւ դա ցայտուն կերպով ցույց է տալիս, որ ԿԸՀ կողմից արձանագրած բարձր մասնակցությունը ընտրակեղծիքների արդյունք է։
Ահազանգում ենք, որ քվեարկության օրը ընտրատեղամասերում որպես դիտորդ, լրագրող, վստահված անձ կամ հանձնաժողովի անդամ ներկա գտնված ՀԱՊ անդամներից շատերի աշխատանքը խոչընդոտվել է ընտրական հանձնաժողովների իշխանական ներկայացուցիչների եւ թաղային խուժանի կողմից։ Բռնության է ենթարկվել ՀԱՊ անդամ, ՔՀՖ Կիեւի համաժողովի պատվիրակ Հրայր Մանուկյանը։ Այդ ամենը տեղի է ունեցել իրավապահ մարմինների ներկայությամբ և նրանց բացարձակ անգործության պայմաններում։
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը չի համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին, իսկ գրանցված արդյունքները չեն կարող արտացոլել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտումը։
Պնդում ենք, որ ընտրակեղծիքներն էապես ազդել են ԿԸՀ կողմից գրանցված արդյունքների վրա։
Պահանջում ենք՝
• Կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ անվավեր ճանաչել ս.թ. դեկտեմբերի 6-ին իրականացված հանրաքվեի արդյունքները։
• ՀՀ իրավապահ մարմիններից՝ պատասխանատվության ենթարկել զանգվածային ընտրակեղծիքների կազմակերպիչներին եւ իրականացնողներին։
• Եվրամիության կառույցներից՝ վերոնշյալ պահանջների կատարումը ներառել ս.թ. դեկտեմբերի 7–ին մեկնարկած շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների նախապայմանների ցանկի մեջ։
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ
9 դեկտեմբերի, 2015թ.