Հիմնադրվելով 2011 թվականին՝ Հայաստանի մասռեսթլիգի ֆեդերացիան կանոնավոր լուրջ արդյունքներ է արձանագրում միջազգային պաշտոնական առաջնություններում: Վերջին նշանակալի ձեռքբերումը գրանցվեց նոյեմբերի վերջին՝ Մոսկվայում անցկացված աշխարհի գավաթի առաջնության 3-րդ փուլում եւ ընդհանուր հաշվարկում: Մասնակցելով վեց մարզիկով՝ Հայաստանի ներկայացուցիչները եզրափակիչ փուլում նվաճեցին 1 ոսկե, 2-ական արծաթե եւ բրոնզե մեդալ, իսկ բոլոր փուլերի ընդհանուր հաշվարկով գյումրեցի Կարեն Մարտիրոսյանը 70 կգ քաշային կարգում միավորների մեծ առավելությամբ նվաճեց աշխարհի գավաթի առաջնության մեծ ոսկե մեդալն ու գավաթը, իսկ Տաթեւիկ Հակոբյանը 75 կգ քաշային կարգում դարձավ փոխչեմպիոն:
Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանն ու մեդալակիրները խոսեցին ֆեդերացիայի գործունեության, հայ մասռեսթլերների ձեռքբերումների, խնդիրների մասին:
Արտավազդ Նալբանդյանի խոսքերով, ինքը ժամանակին զբաղվել է բազկամարտով ու միջազգային մրցահարթակներում բավականին լուրջ հաջողություններ է ունեցել: Յակուտական այս մարզաձեւը, որը միջազգային լայն տարածում է ձեռք բերել եւ այժմ արդեն հավակնում է օլիմպիական մարզաձեւ դառնալ, Հայաստան ներմուծել է Հայաստանի հսկաների ֆեդերացիայի նախագահ Արման Մովսիսյանը: Այնուհետեւ իրենք միասին հիմնել են այս նոր ֆեդերացիան:
«Մասռեսթլինգը շատ նման է հայկական ազգային «փայտ քաշոցի» եւ ամենուր տարածված «պարանի ձգում» մարզաձեւերին: Բայց մասռեսթլինգը միջազգային ճանաչման հասցրել են յակուտները, որոնք էլ կազմելով Ռուսաստանի հավաքականի հիմնական կորիզը՝ հավասարը չունեն աշխարհում: Մասռեսթլինգը տարածված է բոլոր մայրցամաքների մի քանի տասնյակ երկրներում եւ ուրախությամբ այսօր արձանագրում ենք, որ Հայաստանը թիմային հաշվարկով աշխարհում 2-րդն է եւ զիջում է միայն մարզաձեւի հիմնադիր Ռուսաստանին, մասնավորապես, յակուտներին: Բայց վերջին մեկ-երկու տարիներին մեր առանձին մարզիկներ արդեն սկսել են գերազանցել անգամ նրանց՝ էլ չենք խոսում Հայաստանին տարբեր առումներով մի քանի անգամ գերազանցող շատ ու շատ հզոր երկրների: Դա ապացուցվեց աշխարհի գավաթի առաջնության թե առանձին երեք փուլերում, թե եզրափակիչ փուլում ու դրանց հանրագումարում՝ Կարեն Մարտիրոսյանի ոսկե մեդալով ու նվաճած գավաթով, Տաթեւիկ Հակոբյանի արծաթե մեդալով, ինչպես նաեւ ընդհանուր հաշվարկով թիմային երկրորդ տեղը գրավելով:
Կարեն Մարտիրոսյանը, որ ժամանակին բազկամարտիկ է եղել, ասաց, թե երազում էր գավաթը նվաճել ու դրա համար արեց ամեն բան: Իսկ հիմա, երբ երազանքն արդեն իրականություն է դարձել, պատվավոր տիտղոսը պահպանելու նպատակ է դրել:
Տաթեւիկ Հակոբյանը մասռեսթլինգ եկել է ծանրամարտից, սակայն իր հիմնական մարզաձեւին հրաժեշտ չի տվել: Նա այստեղ վստահ է իր ուժերին: Աշխարհի գավաթի առաջնության երեւանյան եւ մոսկովյան փուլերում նա եզրափակիչներում զիջել է միայն աշխարհի գործող չեմպիոններին: Բայց վստահ է, որ արդեն կուտակած միջազգային մրցափորձով եւ ավելի նպատակային մարզումներով կարող է այդ արգելքն էլ հաղթահարել:
Բանախոսները նշեցին, որ իրենց ֆեդերացիան պետական աջակցություն չի ստանում: «Հասկանում ենք, որ մեր պետության ֆինանսական հնարավորությունները սուղ են, որ պետությունը անգամ օլիմպիական մարզաձեւերը դեռ չի կարողանում անհրաժեշտ չափով ֆինանսավորել: Բայց մենք աշխատում ենք: Մեզ օգնում են մեր ընկերները թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս: Մենք էլ փորձում ենք մեր մարզական ցուցանիշներով արդարացնել մեր ընկերների աջակցությունը՝ հույս ունենալով, որ կգա այն օրը, երբ պետությունը մեզ էլ կնկատի», – ասում են նրանք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ