«Ինչպիսի՞ն է ՀՀ-ում կրթության որակը»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԿԳ նախարարին այսպիսի հարց ուղղեց ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ հիշեցնելով, որ Մարդու իրավունքների պաշտպանը կրթության որակը մեր երկրում գնահատել էր անբավարար՝ իր տարեկան զեկույցում:
Նախարարը պատասխանեց, որ չի ուզում անդրադառնալ օմբուդսմենի գնահատականներին. «Կրթությունը առաջին հայացքից շատ գայթակղիչ ոլորտ է՝ ոչ մասնագիտական կարծիք հնչեցնելու համար: Ամեն մեկը, ով ունի հարեւանի երեխա, ով գնում է դպրոց, առավոտյան սուրճի բաժակի շուրջ այդ երեխայի մայրը ինչ-որ բան է պատմում դպրոցից, կարծում է, որ ինքը լիարժեք տիրապետում է այդ ոլորտին, համարյա մասնագետ է: Մենք ամենահանրայնացված ոլորտն ենք եւ այդպես էլ պետք է լինի, բայց մյուս կողմից որեւէ մեկն իրեն չի վերապահում լիազորություն սուրճի բաժակի շուրջ քննարկի՝ արդյոք կույրաղիքի որդանման ելուստի հեռացման ժամանակ ներարկված անեստետիկի քանակը ճի՞շտ է, թե՞ ոչ»:
Ըստ նախարարի, ինչքան էլ թվում է, թե կրթության խնդիրները քննարկելու համար մասնագետ պետք չի լինել, իրականությունը ճիշտ հակառակն է:
Նախարարը ներկայացրեց Մրցունակության գլոբալ ինդեքսի շարժը կրթության բնագավառում: Ըստ այդմ, տարրական կրթության որակ անվանակարգում 6 տարի առաջ ՀՀ-ն զբաղեցնում էր 82-րդ տեղը, հիմա՝ 76-րդ, առաջընթացը 6 հորիզոնականով քի՞չ է:
Կարդացեք նաև
Հետազոտությունների որակ եւ վերապատրաստման հնարավորությունների ապահովում ՀՀ-ում անվանակարգում 16 կետով առաջ ենք անցել:
Նախարարը նշեց, որ մեր երեխաներն ավելի շատ մեդալներ ունեն միջազգային օլիմպիադաներից, քան Վրաստանն ու Ադրբեջանը՝ միասին վերցրած, կամ Թուրքիան: Իսկ սա նշանակում է, որ բարեփոխումները գնում են ճիշտ ուղղությամբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ