Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է ասել Սեյրան Օհանյանը` Անջեյ Կասպրչիկին

Դեկտեմբեր 09,2015 17:28

«Վերահսկողությունը հայկական զինուժի կողմից պատշաճ մակարդակի է: Այո, իրոք, լարվածության աստիճանը հասել է իր գագաթնակետին: Կրակում են ոչ միայն հրաձգային զենքերից, այլև՝ ականանետերից: Բավական մեծ քանակությամբ կրակոցներ են եղել: Արցախի Հարավ արևելյան հատվածում կրակել են նաև տանկից, կրակոցները դիպուկ չեն եղել: Սա հակառակորդի կողմից իրավիճակի ապակայունացման մարտավարություն է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը`պատասխանելով լրագրողների հարցերին:

Հիշեցնենք, անցած գիշերը ադրբեջանական կողմն արդեն ծանր հրետանի է օգտագործել, կրակել է տանկից: Ունենք մեկ զոհ:

Սեյրան Օհանյանն ասում է, որ պատճառը կարող են լինել տարբեր քաղաքական իրադարձություները, մասնավորաբար, նախագահների առաջիկա հնարավոր հանդիպումը:

Սեյրան Օհանյանը վստահեցրեց, որ իրավիճակը վերահսկվում է. «Ես, Արցախի պաշտպանության նախարարը, շտաբի պետը ընկղմված ենք առաջին գծի իրավիճակի վերահսկմանը: Մեր զինվորների անձնուրաց գործողությունների միջոցով ենք վերահսկում իրավիճակը: Ուզում եմ, որ մեր ժողովուրդը վստահ լինի, որ զսպման մեխանիզմներ ձևավորել ենք»:

Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը չի դիմում միջազգային կառույցներին՝ ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Մենք գործ ունենք մի հարևանի հետ, որը պարզ մարդկային լեզուն չի հասկանում, չեն հասկանում, որ բանակցային գործընթացը հաջողությունների մեջ վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ համապատասխան մեխանիզմներ պետք է մշակենք: Երկխոսության համար հրադադար է պետք, փոխադարձ պայմանավորվածություններ են պետք: Միջազգային հետաքննությունն է, որը կարող է պարզել՝ որ կողմն է մեղավոր: Եկել է ժամանակը, որ միջազգային հետաքննության անցկացման մեխանիզմների ձևավորման համար պետք է լուրջ աշխատանք տարվի, որպեսզի թիրախային գնահատականներ տրվեն»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ այսօր զրուցել է Անջեյ Կասպրչիկի հետ, ասել այդ մասին: Բայց, միաժամանակ, մատնանշում է, որ ադրբեջանցիները նույնիսկ մարդկային պարզ հարաբերությունները չեն հասկանում. «Նայեք, օլիմպիական խաղերի ժամանակ, Միլի Մեջլիսի ընտրությունների ժամանակ մենք զսպվածություն դրսևորել ենք, ոչ մի խախտում չի եղել, բայց մեր հանրաքվեն չորս-հինգ օր է լարվածության աստիճանի բարձրացման պատճառ է դարձել: Դա է պատճառը, որ շատ հրամանատարներ չեն կարողացել դիրքերից իջնել, սահմանադրական պարտքը կատարել, որովհետև սահմանը լարված է եղել»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ ԱԱԾ-ի տարածած այն հաղորդագրության մասին, ըստ որի, ՀՀ ՊՆ սպան տեղեկություններ է մատակարարել Թուրքիային. «Հիմա համապատասխան աշխատանքները տարվում են, ավելի ստույգ տեղեկություններ կարող է տալ ԱԱԾ-ն: Այդ սպան մեկ տարուց ավելի է զինված ուժերում չի ծառայում, ինքը իրեն չի կարողացել դրսեւորել գրագետ եւ դրա համար նա իր անձնական կամքով զորացրվել է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031