Կյանքի 89-րդ տարում իր մահկանացուն կնքեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման միջազգային գիտահետազոտական ինստիտուտի նախագահ Գեորգ Աբելի Բրուտյանը:
Անուրանալի է Գեորգ Բրուտյանի ավանդը գիտության և կրթության գործի կազմակերպման բնագավառում: Նա հիմնադրել և ղեկավարել է մի շարք առաջատար ամբիոններ և գիտական կազմակերպություններ: Նա մեծ դեր է խաղացել ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ստեղծման ու կայացման գործում:
Գեորգ Բրուտյանը հեղինակ է աշխարհի 20 լեզուներով հրատարակված ու թարգմանված շուրջ 70 մենագրությունների, գրքերի ու դասագրքերի, ավելի քան 200 գիտական հոդվածների:
Գեորգ Բրուտյանը մի շարք գիտական ուղղությունների և մեթոդաբանական սկզբունքների հեղինակ է, որոնք համաշխարհային գիտության մեջ նրա անունով են կոչվում: Համաշխարհային լայն ճանաչում ունեն փաստարկման տեսության բրուտյանական հայեցակարգը և նրա հիմնադրած Փաստարկման երևանյան դպրոցը: Մեծ է Գեորգ Բրուտյանի ներդրումը հայ փիլիսոփայական մտքի հիմնահարցերի և հայագիտության մեթոդաբանական սկզբունքների մշակման բնագավառում:
Գեորգ Բրուտյանը համաշխարհային գիտական ակադեմիայի ցկյանս անդամ էր (Մեծ Բրիտանիա, 1990), Լոնդոնի դիվանագիտական ակադեմիայի հիմնադիր անդամ (Մեծ Բրիտանիա, 2000): Նա պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով, Ամերիկյան կենսագրական ինստիտուտի Պատվո մեդալով, Կոմենսկու անվան մեդալով (Սլովակիա), «Պատվո նշան» առաջին կարգի մեդալով (Չեխոսլովակիա), Վավիլովի անվան մեդալով։ 1966 թվականին արժանացել է Մեծ Մաստերտոնի (Նոր Զելանդիա) պատվավոր քաղաքացու կոչման։ 1970 թվականին պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար` ի նշանավորումն Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալով։ 1993 թվականին Կենսագրական միջազգային կենտրոնի (Քեմբրիջ, Անգլիա) կողմից անվանվել է «Համաշխարհային մտավորական, 1993 թվական»:
Մեծ գիտնականի, մանկավարժի և քաղաքացու անունը ոսկե տառերով է գրվել հայ և համաշխարհային գիտության պատմության մեջ:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան եւ գիտական հասարակայնությունը սգում է մեծ գիտնականի մահը ցավակցում Գեորգ Բրուտյանի հարազատներին եւ մտերիներին:
Գեորգ Բրուտյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին` ժամը 18:00-ին, Սուրբ Հովհաննես (Կոնդ) եկեղեցում, հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին`ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունից:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն