Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուղ հնարավորությունների , բայց ապագային միտված կարևոր ծրագրերի և նախաձեռնությունների բյուջե. Հ. Նաղդալյան

Դեկտեմբեր 09,2015 16:48

Ազգային ժողովն այսօր 97 կողմ, 12 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ հաստատեց 2016թ.-ի պետական բյուջեն, որին հետևեցին դահլիճի ծափողջյունները: Բյուջեի քվեարկությամբ պայմանավորված ԱԺ դահլիճում տիրող այսօրվա ոգևորության, դրան նախորդած քննարկումների և 2016թ. բյուջեի առանձնահատկությունների շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:

-Իսկապես, 2016թ. բյուջեի քննարկումը ԱԺ-ում աննախադեպ խորքային և բովանդակային էր: Դուք հիշում եք, որ 4 օր տևեց քննարկումը լիագումար նիստում՝ հանձնաժողովների համատեղ նիստերում քննարկվելուց հետո , և ևս մեկ օր՝ արդեն վերսկսումից հետո: Առանձնացավ նաև նրանով, որ մի շարք հանձնաժողովների նախագահների ելույթներ հնչեցին իրենց ամփոփ գնահատականներով՝ կառավարության կողմից նախագիծը վերջնական տեսքով ներկայացնելուց հետո:

Բյուջեի ամփոփաթերթիկից պարզ դարձավ նաև, որ պատգամավորները շատ ակտիվ աշխատանք են կատարել ոչ միայն ելույթների , այլև առաջարկությունների տեսքով:

-Ի՞նչ էին իրենցից ներկայացնում այդ առաջարկությունները:

-Այսպես՝ կատարվել է 324 առաջարկություն՝ առաջարկությունները ամփոփող տեղեկանքը 115 էջից էր բաղկացած, առանձին պատգամավորներ շատ աչքի ընկնող աշխատանք էին կատարել /որի համար նաև շնորհակալական խոսքեր հնչեցին ֆինանսների փոխնախարար Պ. Սաֆարյանի կողմից/՝ ինչպես մասնագիտական հարթությունում , այնպես էլ ծախսային ուղղությունների իմաստով հանդես գալով բազմաթիվ առաջարկներով՝ ընդհուպ մինչև պատգամավորներից մեկը հեղինակել էր 50-ից ավելի առաջարկ, մոտ 35 էջի վրա: Եվ անգամ այս բազմաթիվ առաջարկների մեջ , կարծում եմ, նկատելի էր պատգամավորների գոհունակությունը այն կապակցությամբ, որ կառավարությունը վերադառնում է այն գործելաոճին, որ հնարավորինս ուշադիր վերաբերմունք ցուցաբերվի պատգամավորների առաջարկներին և յուրաքանչյուրի հեղինակածներից գոնե 1-2 առաջարկ ընդունվեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը , որ դրանք ընտրողների կարիքներ և պահանջներ են:

Բյուջեի քննարկումը ավարտվեց վարչապետի ելույթով և ,իսկապես, վերջին ակորդը շատ տպավորիչ էր, ու կարծում եմ՝ հանրության հիշողության մեջ մնալու է որպես վարչապետ Հ. Աբրահամյանին ներհատուկ բաց և ազնիվ խոսակցություն՝ իրավիճակի ճշմարիտ , իրական արտացոլում և հստակ պատկերացում ու պատրաստակամություն՝ դժվարությունները հաղթահարելու՝ խնդիրներին արդյունավետ լուծումներ տալով, ինչպես նաև, պատասխանատվություն՝ կատարված աշխատանքի համար:

-Ինչպե՞ս կբնութագրեք 2016 թ-ի բյուջեն մի քանի բառով:

-Իրապես, 2016թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ բազմաթիվ գնահատականներ են հնչել, բայց , կարծում եմ, առավել կարևորը այն է, որ բյուջեն ոչ թե գեղեցիկ ու խոստումնալից , բայց չհիմնավորված թվերի հավաքածու լինի, այլ իրականության և սպասումների ռեալ գնահատականների վրա հիմնված՝ իրատեսական , այսինքն՝ կատարվելիք նախագիծ լինի: Վարչապետն իր խոսքում ընդգծեց նաև , որ արտաքին շոկերը, տարածաշրջանային գործընկերների շուկաներում անկումային գործընթացները, գլոբալ տնտեսության տենդենցները բերել և բերում են արտահանման և իրացման անկման, որի հետևանքով նաև՝ սպառման և, վերջին հաշվով, կենսամակարդակի անկման:

Ուզում եմ հիշեցնել, որ մի քանի երկրների համար բավական համեստ աճ է նախատեսվում ՝ ՌԴ-ի համար 0,9% , Ղազախստանի ՝ 2,9 %, իսկ տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների համար՝ 2,4 %: Հայաստանում 2016թ-ի համար, որոշ գնահատականներով, համեստ աճ է նախատեսված, բայց այդ ցուցանիշը համաշխարհային տենդենցներին համահունչ է, և դրանց ֆոնի վրա բավականին դրական տպավորություն է թողնում:

-2016-ի բյուջեի նախագծում ի՞նչը կառանձնացնեիք:

– Իհարկե, ինձ համար առանձնապես կարևոր և արժեքավոր են հստակ և հետևողական քայլերը տնտեսության իրական հատվածի ամրապնդմանը և զարգացմանն ուղղված՝ արտադրությունը, ապա և արտահանումը խթանող տնտեսական քաղաքականություն, գործարար նպաստավոր միջավայր, ենթակառուցվածքներին վերաբերող՝ էներգետիկ և տրանսպորտային նոր և շատ կարևոր նախագծեր, երկարաժամկետ աճը խթանող քայլեր, այդ թվում՝ հարկային փաթեթ:

Բնականաբար, կարևորում եմ սոցիալական հիմնախնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու կառավարության դիրքորոշումը և քայլերը՝ այդ խնդիրները արդյունավետ լուծելու համար: Այս ,,համեստ,, բյուջեի շրջանակներում վերջապես լուծում է տրվում Հայաստանում երկար ժամանակ քննարկվող ՝ չաշխատող մայրերին նպաստ վճարելու հարցին, նախատեսվում են ,,կայուն աշխատատեղերի,, ստեղծմանը ուղղված ծրագրային , վստահ եմ, արդյունավետ քայլեր:

Շատ կարևոր է ժողովրդագրական խնդրին նորովի մոտեցումը՝ ոչ միայն ծնելիությունը խթանելու, այլև՝ բնակարանաշինական և կենսամակարդակի բարձրացմանը ուղղված նախագծերի իրականացում: Մի խոսքով, թեև, իսկապես , սուղ հնարավորությունների , բայց կարևոր, ապագային միտված ծրագրերի և նախաձեռնությունների բյուջե է, ինչը և բարձր գնահատեց խորհրդարանը 97 քվեներով՝ հօգուտ նախագծի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031