Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության համար զինվորների ստաժը կրկնակի են հաշվելու

Դեկտեմբեր 09,2015 16:21

ԱԺ-ում քննարկվում է Կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող ՊՆ փոխնախարար Արա Նազարյանն  ասաց, որ նախատեսվում է զինվորական կենսաթոշակ նշանակելիս հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացման ժամանակահատվածը հաշվարել որպես զինծառայության կրկնակի ստաժ: Նպատակն է բարձրացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում զինծառայողների սոցիալական պաշտպանվածության մակարդակը եւ բարոյահոգեբանական վիճակը:

Թեւան Պողոսյանը հետաքրքրվեց՝ դա վերաբերվո՞ւմ է այն դեպքերին, որ մեկը 5-6 տարի առաջ իր ժամկետային զինծառայությունն անցել է, հետո ինչ-որ ժամանակ զբաղվել է այլ գործունեությամբ, հետո պայմանագրայինով շարունակել է, արդյոք դա հաշվարկվելո՞ւ է, թե՞ միայն օրենքը ընդունման պահից եք հաշվելու՝ Արա Նազարյանը պատասխանեց, որ նրա երկարամյա ծառայության կենսաթոշակը կհաշվվի, որովհետեւ օրենքը գործելու է 2016-ից հետո: «2016-ի հունվարի 1-ից երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակը այդպես է հաշվարկվելու:

Վահան Բաբայանն էլ հարցրեց՝ սա վերաբերվելու է միայն ՊՆ-ի զորամասերում ծառայողներին, թե՞ նաեւ ԱԱԾ-ին ու ոստիկանությանը: Արա Նազարյանը պատասխանեց. «Սա վերաբերվում է բոլոր այն զինծառայողներին, ովքեր հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն են իրականացրել:

Հեղինե Բիշարյանն էլ հարցրեց, դա գայթակղիչ առաջարկ կարող է լինել, զինվորները կարող է ցանկանան իրենց ծառայության 2 տարին հերթապահել հակառակորդի հետ շփման գծում, որ դա հաշվվի 4 տարի՝ փոխնախարարն էլ պատասխանեց, որ նախ զինվորները 6 ամիս ուսումնական գործընթաց են անցնում, որից հետո նոր համապատասխան բաշխում է կատարվում: Կոնկրետ զինծառայողի ցանկությունը լավ է, բայց որոշում է ղեկավարությունը, այստեղ որոշում է զինվորական կանոնադրությունը եւ որոշում է համապատասխան զինվորական հրամանատարը:

ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցին՝ երկարաժամկետ զինծառայողների ստաժը քանի՞ տարվանից սկսած է հաշվվում՝ փոխնախարարը պատասխանեց, որ կա երկու տարբերակ հաշվելու՝ 20 տարվա զինծառայություն եւ 25 տարվա աշխատանքային ստաժ, որի 12.5-ը՝ զինծառայության:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին հարցրեց՝ դուք համարում եք, որ սա գործո՞ւն կարող է լինել, որ եթե 20-ամյա զինվորը մասնակցում է մարտական հերթապահության, նրան ասում եք, որ 43 տարի հետո առավելություն կստանաս: Իհարկե, կան դեպքեր, որ սպաներին է վերաբերվում, եւ դուք համարում եք սա լուրջ բա՞ն է:

Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ պայմանագրային զինծառայողի համար սա հիմնավոր փոփոխություն է, պարտադիր զինծառայության համար՝ ոչ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031