Թիվ 7-րդ ընտրատարածքում շարունակվում է վերահաշվարկը: Քիչ առաջ ավարտվեց 7/10 ընտրատեղամասի վերահաշվարկը ըստ ՀՀԿ-ի դիմումի: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գեղամ Սարգսյանը Aravot.am-ի եւ «Երկիր մեդիայի» հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովը ստացել է 11 բողոք դիմում, որոնցից մեկը՝ ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի դիմումը, համընկնում է:
«Բողոք-դիմումներ են ներկայացրել Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը», ՀԱԿ-ը, Դաշնակցությունը: Բողոք-դիմումների հիման վրա, ըստ կանոնակարգի, ըստ օրենքի՝ վիճակահանությամբ որոշվել է, թե ինչ հերթականությամբ բողոք-դիմումները պետք է բացվեն: Երեկվա դրությամբ մենք բացել ենք երկու տեղամաս, այսօր շարունակվում է վերահաշվարկը, այսօր դեռ բացել ենք երկու տեղամաս»,- ասաց նա:
Վերահաշվարկի արդյունքում «Այո»-ի քվեաթերթիկները 1-ով ավելացան, դարձան 697, իսկ «Ոչ»-ի քվեաթերթիկները 1-ով պակասեցին, դարձան 195, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը մնաց նույնը՝ 64: Aravot.am-ի տեսախցիկը ֆիքսեց անվավեր ճանաչված քվեաթերթիկ, որտեղ «Ոչ»-ն է նշված եւ «12 տարի առաջ եմ ընտրել իմ ամուսնուն» գրառումը:
Կարդացեք նաև
Գեղամ Սարգսյանը ներկայացրեց նաեւ դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած վերահաշվարկը. 7/05-ում արդյունքները չեն փոփոխվել՝ «Այո»-ն՝ 174, «Ոչ»-ը՝ 460, անվավերը՝ 52, 7/08-ում «Այո»-ի թիվն անփոփոխ է՝ 211, «Ոչ»-ը՝ 409 է եղել, դարձել է 408, իսկ անվավեր ճանաչված 51 քվեաթերթիկները դարձել են 53, 7/02 ընտրատեղամասում անվավեր ճանաչված 69 քվեաթերթիկների թիվը դարձել է 68, «Այո»-ի քվեաթերթիկների թիվը 509-ից փոխվել է 508, իսկ «Ոչ»-ի թիվը 2-ով ավելացել է՝ 187-ից դառնալով 189:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ