«Տարիների ընթացքում այն խախտումները, որոնք եղել են 15 տարի առաջ, այսօր բացարձակապես պատմության գիրկն են անցել: Օրինակ, լույսեր հանգցնելը, տուփերի գողանալը, ընտրատեղամասերի մոտ աղմուկ-աղաղակը, դրանք արդեն վերացել են»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը`արձանագրելով, որ Հայաստանում ընտրական գործընթացները քայլ առ քայլ ավելի թափանցիկ և օրինական են դառնում:
Սա, ըստ բանախոսի, մեզ հաջողվել է իրականացնել ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում, որում մանրամասն նկարագրված են բոլոր գործընթացները: Դրան նպաստել է նաեւ ընտրական գործընթացների մասնակից բոլոր անձանց փորձի ավելացումը:
Դիտարկմանը, թե բոլոր այդ դեպքերն արձանագրվել են նաև սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Դուք խոսում եք բաների մասին, որոնք փաստ չեն: Փաստն այն է, որն արձանագրված է: Հիմա մենք ասում ենք՝ ունենք արձանագրված 78 բողոք: Այդ բողոքները փաստեր են, որոնք հիմա ուսումնասիրվում են, և դրանց վերաբերյալ կտրվեն գնահատականներ: Ունենք 78 բողոք, որոնց մեջ կան տարբեր բաներ, բայց մենք խոսում ենք այն մասին, որ ժամանակին սրանք եղել են մասսայական և ունեցել են էական ազդեցություն, սակայն այսօր դրանց ազդեցությունը գնալով պակասել է, նման դեպքերի ճնշող մեծամասնություն լինելու հանգամանքը փոխվել է, և այսօր մեծ մասամբ մենք ունենք այլ իրավիճակ»:
Տիկին Նաղդալյանը նկատեց, որ ժողովրդավարությունը շատ դժվարությամբ է հնարավոր եղել հաստատել ներկայիս ժողովրդավար երկրներում: ՀՀ իշխանություններն էլ, բնականաբար, այն կարծիքին չեն, որ գործընթացները մեզ մոտ պետք է բացառիկ արագությամբ զարգանան. «Այստեղ կարևորը այն է, որ մենք ունենք ռեալ և էական առաջադիմություն»:
Կարդացեք նաև
Պատասխանելով ԵԽԽՎ դիտորդական առաքելության նախնական կոշտ դիրքորոշմանը վերաբերող հարցին, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարն ասաց, որ նրանք եղել են ոչ թե դիտորդներ, այլ ընդամենը ներկայություն ԵԽԽՎ-ից, որոնք «գնահատականներ և դիտարկումներ անելու ֆունկցիա» չունեն. «Երբ իրականացնում են երկարատև դիտորդական առաքելություն, դիտորդները գալիս են մինչև ընտրությունները, ուսումնասիրում են դաշտը, իսկ տվյալ դեպքում նրանք հնարավորություն չեն ունեցել ուսումնասիրելու Ընտրական օրենսգիրքը, Հանրաքվեի մասին օրենքները, ուստի կարծիքները, որ իրենք կարող էին ունենալ, տեսնել, աղերսներ չունեն մեր օրենսդրության հետ»,- հստակեցրեց Հերմինե Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ պատվիրակությունը Հայաստանում է գտնվել ամսի 4-7-ը ընկած ժամանակահատվածում, պատվիրակները երեքն էին: Այդ ընթացքում հանդիպումներ են ունեցել քաղհասարակության եւ մամուլի ներկայացուցիչների հետ:
Իսկ ԵԽԽՎ պատվիրակների հնչեցրած գնահատականների մասով էլ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ դրանք պայմանավորված են քաղաքական շահերով, իրականության հետ աղերսներ չունեն:
Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ պատվիրակների հետ երկխոսություն է ընթանում: Հերմինե Նաղդալյանը հստակեցրեց. «ԵԽԽՎ-ի հետ բանակցություններ չենք վարում, պարզապես, տեղեկացնում ենք մեր օրենսդրությունը: Իրենց պատկերացումները պետք է համապատասխանեցվեն իրականության հետ, որոնք ամրագրված են մեր օրենքում: Դրա համար տալիս ենք տեղեկատվություն՝ մեր օրենսդրական դաշտի մասին, որը չեն իմացել՝ կարճատև ներկայություն ունենալու պատճառով: Բացի դրանից տեղեկացնում ենք բողոքարկման մասին, թե ինչպիսի փաստացի նյութեր կան, ինչպիսի ընթացք են դրանք ստանում: Արդյունքում իրենք կկազմեն տեղեկատվություն ու կներկայացնեն ԵԽԽՎ բյուրոյին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ