Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանը չի հիշում դեպք, որ բերքը 100 տոկոս փչանա (Տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2015 15:46

Այսօր գյուղատնտեսության նախարարությունում «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Գագիկ Խաչատրյանն ասաց, որ դրամաշնորհային ծրագրերով գյուղացիներին գումարներ են տրամադրվում` չրի արտադրության, միրգ-բանջարեղենի, կաթի, մսի վերամշակման համար, որոնք հնարավոր են եւ արտահանվեն ԵՏՄ երկրներ: Սակայն դրամաշնորհը գյուղացուն կտրվի պայմանով, որ նույնքան գումար էլ նա ներդնի:
Aravot.am-ը Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ռիսկային գյուղատնտեսության պայմաններում, քանի դեռ չկան ապահովագրող մեխանիզմներ, կարկուտը, երաշտը, հիվանդությունները բերքը փչացնում են, արժե՞ գյուղացուն պարտքերի տակ գցել:
Պարոն Խաչատրյանն ասաց, որ այն ուղղությունները, որոնք իրականացվում են ծրագրի շրջանակներում, ավելի քիչ ռիսկային են, տարերային աղետներից ավելի քիչ են տուժում. «Ես չեմ հիշում դեպք, որ բերքը 100 տոկոս ոչնչանա` բնակլիմայական պայմաններից ելնելով, կարող է լինել ավելի քիչ, օրինակ` այս տարի ծիրանի ծավալները շատ անգամ ավելին էին, քան` անցյալ տարի»:

Մանրամասները` տեսանյութում

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը, որը մեկնարկել է 2011 թվականից, հիմնականում վերաբերում է

անասնապահությանը: Ըստ Գագիկ Խաչատրյանի, մեր երկրում կան բավականին լավ հնարավորություններ, ռեսուրսներ, սակայն լավ չի օգտագործվում եւ արդյունքում մթերատվությունը պահանջվածից ավելի ցածր է:

Ըստ նրա, առաջին հիմնական պատճառը, արոտավայրերի անարդյունավետ օգտագործումն է, մյուս խնդիրը՝ կերի կայուն բազայի ստեղծումը. «Խորհրդային տարիներից հետո գյուղտեխնիկայի ներկրում հանրապետություն մեծ ծավալներով չի իրականացվել եւ խնդիրներից մեկն էլ համապատասխան համայնքներում գյուղատնտեսական տեխնիկայով ապահովելն էր»:

Գագիկ Խաչատրյանի խոսքերով, հաջորդ խնդիրը անասնաբուժական հարցերն են: Ըստ նրա՝ ծրագիրն ունի նաեւ այլ բաղադրիչներ, օրինակ` խորհրդատվական համակարգի զարգացումը: Ընդգրկվում են այս ծրագրում այն մարզերը, որտեղ անասնապահությունն ավելի զարգացած է:

Գագիկ Խաչատրյանն ասաց, որ վեց մարզերից՝ Սյունիք, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Արագածոտն ընդգրկված է եղել 55 համայնք, ինչպես որ նախատեսված էր, սակայն ծրագրի իրականացման արդյունքում խնայված միջոցների հաշվին ընդգրկվել է 81 համայնք: «Ծրագիրը շատ պահանջված է համայնքների կողմից եւ ցուցանիշները բավականին շոշափելի են»,-ասաց պարոն Խաչատրյանը` վստահեցնելով, որ ծրագրի արդյունքում կովերի կաթնատվությունը 20 տոկոսով ավելացել է, մսատվությունն ավելացել է 18-20 տոկոսով, իսկ մանր եղջերավոր անասունների մոտ կաթնատվությունն ավելացել է 16 տոկոսով. «Եթե այս ցուցանիշները համադրում ենք ներդրումների հետ, ապա յուրաքանչյուր ներդրված մեկ դոլարը այս ծրագրի շրջանակներում մեկ տարվա ընթացքում բերում է մեկ դոլարի եկամուտ, տարբեր համայնքներում առաջին պայմանն այն է, որ ստեղծեն կոոպերատիվներ, այսինքն` համայնքն իր առաջ ծառացած խնդիրները պետք է լուծի միասնական եւ պատահական չէ, որ գյուղնախարարության առաջնահերթություններից մեկը կոոպերատիվների ստեղծումն է»:

Նա նշեց, որ 650 գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել համայնքներին, որից 147-ը տրակտորներ են եղել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031