«Հանրաքվեն համարվում է կայացած, կան համապատասխան թվեր եւ փաստեր: Այն քաղաքական ուժերը, որոնք չկարողացան հասնել բաղձալի ցանկությանը, հերթական անգամ իզուր խոսում են կեղծիքներից»,- այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքներից:
Պատգամավորի խոսքով՝ «Այո»-ն կապահովի կայուն զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն. «Կունենանք մի շարք օրենքների փոփոխություններ, հատկապես ընտրական օրենսգրքի: Դրա շնորհիվ ապագայում ընտրությունները կլինեն թափանցիկ: Հնարավորություն կունենանք նորմալ ընտրություններ անցկացնել, ժողովրդավարություն զարգացնել»:
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ վկայակոչեց ընտրակեղծիքները, ինչին ի պատասխան Ավետիսյանն ասաց, որ չի ժխտում որոշակի թերացումները:
Կարդացեք նաև
Արշակյանի խոսքով՝ հանրաքվեի արդյունքների մասին խոսելիս սովորաբար հիմք են ընդունում քվեարկությունը եւ դրա արդյունքները, մինչդեռ ավելի կարեւոր է հանրաքվեի նախապատրաստումը. «Դրա համար պետք է լինեն հավասար հնարավորություններ, մրցակիցներ եւ ձեւավորված հաշվիչ համակարգ: Իսկ մեզանում ովքեր որ հաշվում են, անվստահելի անձինք են: Հանձնաժողովների արձանագրությունները հիմք ընդունել անիմաստ է, որովհետեւ անցկացվում են ոչ թե ժողովրդավարական ընտրություններ, այլ իշխանական ուժի «դակում»: Ակնհայտ է, որ ոչ մի անգամ ընտրության միջոցով իշխանափոխություն տեղի չի ունեցել: Երբ ասում են ժողովրդավարություն, պետք է հասկանալ, որ իշխանությունը փոխվում է: Ձախողված եւ ձանձրալի անձերը պետք է հեռանան իշխանությունից՝ ժողովրդի քվեներով: Այդպես Հայաստանում երբեւէ չի եղել»:
Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ հանրաքվեն մի հարցում պարզություն մտցրեց. «Երկիրը, որտեղ իշխող ուժերը շատ բան են ձախողել, բայց ստանում են վստահության քվե, դա նշանակում է, որ հանրաքվեն կեղծված է: Դա ժողովրդի ձայնը չէ, այլ իշխող վերնախավի՝ ինքն իրեն նշանակումը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ