Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը առցանց ռեժիմով պատասխանել է դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի լեգիտիմության վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին:
Երեկ ԱՄՆ դեսպանատունը հանրաքվեի վերաբերյալ հայտարարություն էր հրապարակել, որում, մասնավորապես, նշված էր․ «Քաղաքական կուսակցությունների ու անկուսակցական դիտորդների արժանահավատ հաղորդումներն ընտրախախտումների վերաբերյալ, այնուամենայնիվ, մտահոգիչ են և պետք է լիարժեք հետաքննվեն՝ համոզելու հայ ժողովրդին, որ հանրաքվեի արդյունքները վստահելի են և լեգիտիմ»:
Հարցին՝ արդյոք նշված ձևակերպումը նշանակո՞ւմ է, որ հանրաքվեի արդյունքները լեգիտիմ և վստահելի չեն կարող թվալ, այդ թվում՝ ԱՄՆ կառավարության համար, դեսպան Միլզը պատասխանել է․ «Մենք՝ ԱՄՆ կառավարությունը և դեսպանատունը, խորապես մտահոգված ենք կիրակի օրը անցկացված հանրաքվեի ընթացքում խախտումների մասին արժանահավատ հաղորդումներով: Դրանք պետք է հետաքննել, որպեսզի Հայաստանի ժողովուրդը կարողանա վստահել հանրաքվեի արդյունքներին:
Մենք շարունակելու ենք դիտարկել այդ արժանահավատ հաղորդումները հետաքննելու ուղղությամբ իշխանությունների գործադրած ջանքերը, և մտահոգությունների առկայության դեպքում այդ մասին կտեղեկացնենք կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը»:
Կարդացեք նաև