Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի 8/ 27 ընտրատեղամասի ՀԱԿ հանձնաժողովի անդամ Աշոտ Մուսախանյանը պնդում է, որ իրենց տեղամասում նկարչություն են արել՝ գողանալով ոչ-ի ձայները:
«Հաշվարկի ժամանակ հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը մի տասնհինգ անգամ ընդմիջում հայտարարեց, ասում էր ՝հիվանդություն ունի, ցիստիտ ունի, հաշվի առանք մարդկային գործոնը, բայց տեղից վեր կենալով՝ իրեն չափազանց աշխույժ էր զգում, ոչ թե զուգարան էր գնում, այլ՝ հաց ուտելու: Դիմել եմ հանձնաժողովի մյուս անդամներին, բայց ոչ մի արձագանք»,- պատմեց Աշոտ Մուսախանյանը:
Նա վստահեցրեց, որ այդ տեղամասում ոչ-ի քվեաթերթիկները տրցակով մի քանի անգամ ավելի էին այո-ի քվեաթերթիկներից. «Ոչ-երը կրկնակի բարձր էին ու երբ տրցակը գնալով բարձրանում էր, հանձնաժողովականներն անընդհատ ձգձգում էին, թեմաներ էին գտնում ընդմիջելու, քննադատում էին, վիրավորական արտահայտություններ անում, ես պատասխան չէի տալիս, որ անարգել հաշվարկը ընթանա: Ոչ-ի ձայները 289-ից ավելի էին, հաշվելու ընթացքում նկատեցի, որ հանձնաժողովի նախագահը ձեռքով ոչ-երը տարավ ներքեւի կողմ, երբ փորձեցի սեղանի մյուս կողմից հանել ոչ-երը, խառնեցին այո-ն ոչ-ի հետ, այլեւս նորից չհաշվեցինք, հանձնաժողովի մյուս անդամների կողմից ոչ մի արձագանք»:
Երբ այո-ն ոչ-ի հետ խառնվել է, պարոն Մուսախանյանին չի հաջողվել նորից հաշվել, առանձնացնել խառնված ոչ-երը, որովհետեւ ըստ նրա. «Երբ քեզ օգնող չկա, երբ բոլորը աչք են փակում, դու մենակ ինչ պետք է անես: Ես կասկածներ ունեմ, որ նրանք պատրաստի բերել էին այո-ներ եւ իրենց այո-ն ավելացրին: Իսկական նկարչություն էր»:
Կարդացեք նաև
Այս տեղամասում այո-ի քվեաթերթիկները վերահաշվարկի ժամանակ 336 էին, իսկ ոչ-երը՝ 195:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ