Այսօր տեղի ունեցավ «Ռոբոտների շքերթ» (Бал роботов) ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Առաջին անգամ տարածաշրջանում այս ցուցահանդեսը ներկայացնում է «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերությունը` Ամերիաբանկի անմիջական նախաձեռնությամբ:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հայրենական ռոբոտատեխնիկայի ոլորտում իրենց ավանդն ունեցած ներկայացուցիչներ, արվեստի և մշակույթի գործիչներ, միջոցառման կազմակերպմանն աջակցած ընկերությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Ամերիա» ընկերությունների խմբի անձնակազմը:
Միջոցառման պատվավոր հյուրերն էին երեխաները, որոնց համար ցուցահանդեսի բացման արարողությունը դարձավ իսկական տոն: Նրանք հնարավորություն ունեցան անձամբ ծանոթանալ հրաշագործ ռոբոտների հետ, խաղալ, զվարճանալ, լուսանկարվել:
Միջոցառման ժամանակ հանդես եկավ «Մանկական Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի երկրորդ մրցանակակիր Միկա Վարոսյանը:
Ցուցահանդեսն անցկացվում է «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, Կինոպարկի հարևանությամբ: Հատուկ գործարանային շնչով ձևավորված սրահը, որը ստեղծում է իսկական ռոբոտաշինության միջավայր, երեխաներին հնարավորություն է ընձեռում ոչ միայն զվարճանալ ռոբոտների հետ, այլ մասնակցություն ունենալ ռոբոտների կառուցման, ծրագրավորման գործընթացին: Ցուցահանդեսի ծրագիրը ներառում է պարող ռոբոտների շոու, կվադրո-կոպտերների գոտի, ռոբոտների լաբորատորիա, Lego ուղեղների գրոհ/ռոբոտների կառուցում, ռոբոտների ծրագրավորում, ռոբոշուկա: Նախագծի կարևորագույն խնդիրներից է ուսուցումը, ուստի և դրան հատուկ ուշադրություն է դարձվում նախագծի բոլոր փուլերում` մասնակից ռոբոտների ընտրության, ուղեկցվող միջոցառումների, էքսկուրսիաների և այլ հարցերում:
Ցուցահանդեսում ներկայացված են Անգլիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Իռլանդիայի և այլ երկրների 20 ինտերակտիվ ռոբոտ (հանրահայտ Տեսպիան դերասան ռոբոտը, հատուկ թերապիայի առավելությունները կիրառող Պարոն, մատուցող ռոբոտ Յոշան, Ռոբոֆուտբոլը, Ռոբոտ Պինգ-Պոնգը, արդյունաբերական առաջադրանքներ կատարող Բակսթերը և այլն), ինչպես նաև հայկական ռոբոտատեխնիկայի լավագույն նմուշները:
Ցուցահանդեսը կգործի մինչև 2016թ. հունվարի 10-ը (հանգստյան օրեր` 2015թ. դեկտեմբերի 31 և 2016թ. հունվարի 1): Տոմսերը վաճառվում են Երևան քաղաքի բոլոր տոմսարկղներում, ինչպես նաև «Երևան Մոլ»-ում: Տոմսերը կարելի է նաև ձեռք բերել օնլայն` cult.am կայքի միջոցով: Երեխաների համար նախատեսված են հատուկ սակագներով տոմսեր՝ 2200դր. աշխատանքային օրերին և 3300դր. ոչ աշխատանքային օրերին, իսկ մեծահասակների տոմսերը համապատասխանաբար կլինեն` 2900դր. և 3900դր.: Նախատեսված է հատուկ սակագնային փաթեթ դպրոցական կոլեկտիվ այցերի համար:
Նշենք, որ «Ռոբոտների շքերթ»-ն առաջին անգամ տեղի է ունեցել Մոսկվայում, 2014թ. և դարձել ամենահաջողված ցուցահանդեսային նախագիծը Ռուսաստանի ողջ պատմության մեջ:
«Ամերիաբանկ»