Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղում ավտոտնակ, ջերմոց, բնակելի տուն կառուցելը հեշտացնում ու էժանացնում են. նոր նախագիծ՝ ԱԺ-ում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2015 14:27

Այսօր ԱԺ-ում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց «Լիցենզավորման մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է լիցենզավորման ենթակա օբյեկտների ցանկից հանել մի շարք օբյեկտների շինարարությունն ու դրանց նկատմամբ տեխնիկական հսկողությունը՝ համարելով դրանք չլիցենզավորման գործունեություն: Օրինակ, դրանց թվում են գյուղական բնակավայրերում կառուցվող, 300 քմ մակերեսը չգերազանցող, մինչեւ 2 վերգետնյա եւ մեկ ստորգետնյա հարկ ունեցող բնակելի տները, 150 քմ-ն չգերազանցող օժանդակ շինությունները եւ 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակները, 1000 քմ-ն չգերազանցող ջերմոցները եւ նման մի շարք օբյեկտներ:

Նախատեսվող փոփոխությունների համաձայն, այդ օբյեկտների շինարարական աշխատանքները կարող են կատարվել տնտեսական եղանակներով՝ առանց լիցենզավորման, որի հետեւանքով, ըստ Նարեկ Սարգսյանի, 35 տոկոս միջոցներ կխնայվեն:

ՓՄՁ-ների օրինակելի նախագծերի կատալոգի առկայության դեպքում եւս չի պահանջվի նախագծային աշխատանք, նախագծերի պատվիրում:

ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հարցրեց՝ մենք այդ արտոնությունը չե՞նք ուզում տալ նաեւ քաղաքային բնակավայրերին՝ միայն ավտոտնակների համար, որովհետեւ այդ խնդիրը կա: Նարեկ Սարգսյանը պատասխանեց. «Սա շատ է քննարկվել եւ այդ առաջարկը եղել է, սակայն որոշվել է այս պահին ձեռնպահ մնալ քաղաքային համայնքներից: Եթե այս պրոցեսը նորմալ գնա, դա օրակարգում պահել ենք: Չենք ուզում ամբողջ փաթեթը միանգամից անել, որովհետեւ ռիսկեր կան»:

Գուրգեն Արսենյանն ասաց, որ իսկապես գյուղական բնակավայրում շինարարությունը վերածվել է պատուհասի. «Դուք ասացիք, որ կէժանանա, բայց խնդիրը միայն էժանանալը չէ, այլ հոգսերը մարդկանց՝ այդ թույլտվությունների պատճառով: Այն չափորոշիչները, որ դուք հնչեցրիք, ո՞ր երկրի օրինակի հիման վրա է վերցրած»:

Նախարարը պատասխանեց, որ միջազգային պրակտիկայում ուսումնասիրություններ են արել, Ֆրանսիայի պրակտիկայից են վերցրել եւ մեր փորձառությունն են հաշվի առել՝ չափորոշիչները մշակելիս: Իսկ ճարտարապետական վերահսկողությունն իրականցվելու համար կիրառում են կատալոգները, որի դեպքում չի պահանջվում նախագծի մշակում, փորձաքննություն: Ուղղակի եռօրյա ժամկետում գլխավոր հատակագծի վրա նշում է արվում եւ տրվում է շինարարության թույլտվություն:

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն առաջարկեց, որ նախագծից հանեն այն ձեւակերպումը, որ լիցենզիա չի պահանջվում ոչ ձեռնարկատիրական նպատակներով կառուցվող օբյեկտների համար: Ըստ Խոսրով Հարությունյանի, կարող է գյուղական բնակավայրում մարդը բնակելի տուն կառուցի, հետո այն դարձնի հյուրատուն ու ստացվի ձեռնարկատիրական նպատակով, ուստի այդ ձեւակերպումը միայն խառնաշփոթ է առաջացնելու. «Օրենքը շատ կարեւոր է, երկու ձեռքով համաձայն եմ, բայց եկեք բացենք հնարավորությունները մարդկանց համար»:

Տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Բնակելի տուն նախկինում եթե ես ուզենայի կառուցել, գնում վերցնում էի շինթույլտվությունը, տեխնիկական փորձաքննություն էր անցնում, հիմա այդ մեջտեղի մասն է հանվում: Ես գնալու էի մի փորձագետ գտնեի, սա հանված է: Բոլոր դեպքերում շինթույլտվություն համայնքի ղեկավարը պետք է տա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031