Հանուն ցեղասպանությունների կանխարգելման գործող մի շարք կազմակերպություններ ողջունել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին բանաձեւի ընդունումը:
Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի անդամ-պետությունները միաձայն քվեարկեցին այս հիշատակի օրը հաստատելու համար եւ ընտրեցին դեկտեմբերի 9-ը, քանի որ 1948թ. այդ օրն է ընդունվել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիան:
«Հնարավոր չէ բարոյական տեսանկյունից ավելի զազրելի հանցագործություն, քան մարդկանց զանգվածային ոչնչացումն առանց որեւէ պատճառի՝ պայմանավորված բացառապես նրանց ազգային, էթնիկ, ռասայական, կրոնական կամ քաղաքական ինքնությամբ: 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունված՝ Ցեղասպանության մասին կոնվենցիան կոչված էր վերջ դնել այդ երեւույթին, սակայն այն իր նպատակին չհասավ: Հիշատակի այս օրն առիթ է ընձեռում խորհելու, թե ուր ենք մենք հասել եւ որքան դեռ ունենք գնալու` յոթ տասնամյակ առաջ արտահայտված բարոյական այս հանձնառությունը կյանքի կոչելու համար»,- ասում է «International Crisis Group» կազմակերպության պատվավոր նախագահ, Ավստրալիայի նախկին արտգործնախարար, պրոֆեսոր Գարեթ Էվանսը:
Իրադարձության կապակցությամբ «100 LIVES» նախաձեռնության եւ հումանիտար ու իրավապաշտպան մի շարք առաջատար կազմակերպությունների կողմից հրապարակվել է համատեղ հայտարարություն, որն աշխարհին կոչ է անում մշտապես վառ պահել ցեղասպանության հանցագործության զոհ դարձած միլիոնավոր անմեղների հիշատակը: Հայտարարության տակ իրենց ստորագրություններն են դրել «Not On Our Watch», «Enough Project», «Foundation Rwanda», «Survivors Fund», «Waging Peace» կազմակերպությունները, ինչպես նաեւ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան, Ռաուլ Վալենբերգի միջազգային հիմնադրամը, Ցեղասպանության եւ մարդու իրավունքների հարցերի միջազգային ինստիտուտը («Զորյան» ինստիտուտի մասնաճյուղ) եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Կարդացեք նաև
Ցեղասպանությունը ոճիր է, որը չի ճանաչում ոչ կրոն, ոչ ազգություն, ոչ տեղ եւ ոչ էլ ժամանակ, եւ այս հանցագործության արձագանքները մինչ օրս զգացվում են այն վերապրածների եւ նրանց ժառանգների գիտակցության մեջ: Միայն այս տարի աշխարհը նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-րդ տարեդարձը, ինդոնեզական ջարդերի 50-րդ եւ Սրեբրենիցայի կոտորածի 20-րդ տարելիցները:
Այսօր «100 LIVES»-ն իր գործընկերների հետ միասին ոգեկոչում է վերը թվարկված եւ բոլոր այլ վայրագությունների զոհերի հիշատակը՝ շարունակ կոչ անելով կառավարություններին պաշտպանել իրենց քաղաքացիներին եւ, օգտվելով առիթից, մեծարում է բոլոր այն մարդկանց, ովքեր սեփական կյանքը վտանգելով սխրանքներ են գործել՝ փրկելով այլոց կյանքերը:
«Որպես ցեղասպանությունը վերապրածի ժառանգ՝ ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր չեն դադարում իրենց կյանքը նվիրաբերել հանուն այլոց փրկության: Հուսով եմ, որ այսօրվա իրադարձությունը կօգնի հանրության ուշադրությունը հրավիրել մարդկային կյանքի եւ մարդու արժանապատվության անձեռնմխելիությունն ապահովելուն եւ հումանիտար գործունեությանը սատարելուն ուղղված՝ կառավարությունների կողմից կոլեկտիվ հանձնառությունն ստանձնելու անհրաժեշտությանը»,- հայտարարում է «100 LIVES» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Ցեղասպանության և մարդու իրավունքների հարցերի միջազգային ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Ռոջեր Սմիթը նշում է. «Ցեղասպանության եւ դրա հետեւանքների՝ զանգվածային գաղթի, հասարակության պառակտման եւ տնտեսության քայքայման գինը մարդկության համար շատ ավելի բարձր է, քան կարող էր լինել դրանց վաղ կանխարգելման դեպքում: Հանուն մարդկային կյանքի փրկության պետությունները պարտավոր են դուրս գալ բացառապես ազգային շահերը պաշտպանելու իրենց շրջանակներից եւ ստանձնել մարդուն պաշտպանելու հանձնառությունը»:
Նշենք, որ Ցեղասպանության և մարդու իրավունքների հարցերի միջազգային ինստիտուտը նույնպես միացել է համատեղ հայտարարությանը: