Իրավապաշտպան Արթուր Սաքունցը պնդում է, որ հանրաքվեի ժամանակ 70 տոկոսից ավելի մասնակցություն ապահոված ընտրատեղամասերում քվեարկել են նաև Հայաստանից բացակայողների փոխարեն: «Ազատության» հետ զրույցում Սաքունցը իրավապահներին կոչ արեց քրեական գործ հարուցել իր նկատմամբ, եթե այս պնդումը կհամարեն սուտ մատնություն: «Եթե իրենք համոզված են, որ ես սուտ մատնություն եմ անում, ապա բոլոր այդ տեղամասերը՝ 70 տոկոս քվեարկության և ավել, բացենք և ստուգենք՝ բացակա ընտրողների փոխարեն կա՞ քվեարկություն, թե՞՝ ոչ։ Իսկ եթե չեն հարուցելու, նշանակում է իրենք ակնհայտորեն համաձայնում են, որ տեղի է ունեցել հանցագործություն», – ասաց Սաքունցը։ Իրավապաշտպանի պնդմամբ, իրենց դիտորդները դեկտեմբերի 6-ին ընտրախախտումների հարյուրավոր դեպքեր են արձանագրել՝ կրկնակի քվեարկություններից մինչև լցոնում, բազմաթիվ տեսագրություններ ունեն, սակայն վստահ չեն, որ մեղավորները կպատժվեն: Նա հիշեցնում է, որ նախորդ ընտրություններից հետո էլ խախտումների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումներ էին ներկայացրել, սակայն, որևէ արդյունքի չեն հասել: «Ընտրական խախտումների վերաբերյալ քրեական պատասխանատվության ենթարկելու կամ քրեական գործ հարուցելու վերաբերյալ հաղորդումներով որևէ քննությամբ մենք արդյունքի չենք հասել», – ասաց Սաքունցը։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ