Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուս-թուրքական հարաբերությունները կզարգանան «պատերազմի եզրին՝ խաղաղություն» սկզբունքով (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 09,2015 13:15

Եվրոպական երկրների առաջնորդների որոշմամբ՝ Թուրքիային կտրամադրվի 3 միլիարդ եվրո` փախստականներին սեփական տարածքում պահելու նպատակով, ինչը ենթադրում է դեպի Եվրոպա փախստականների հոսքի դադարեցում: ԵՄ-ի այս որոշումը, քաղաքագետ Լևոն Շիրինյանի բնորոշմամբ՝ սպասելի էր. «Եվրոպան Թուրքիային հզորացնում է Ռուսաստանի դեմ եւ այստեղ է Թուրքիայի հաջողությունը: Եվրոպան Թուրքիային հասկացնում է՝ այսինչ բանն ուզի, տանք: Թուրքերն էլ արեցին իրենց թրքությունը, Եվրոպան էլ պետք է տեսնի Թուրքիայի համը: Այդ փողը կուտեն, էլի փախստականներին բաց կթողեն դեպի Ռուսաստան եւ այլ պետություններ»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լեւոն Շիրինյանը:

Նրա խոսքով՝ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանը հայտնվել է կարեւոր ռազմավարական տարածքում. «Մեր կողքին հսկա բարեկամ Իրանն է, որն աշխարհում խոշոր դերակատար է: Եթե Իրանը մեզ բարեկամ էլ չլիներ, միեւնույն է՝ հավասարակշռում է թուրքական հզորությունը: Ռուսաստանը մսաղացի տակ ոչնչացնում է Մերձավոր Արեւելք-ԱՄՆ նախագիծը, նա «գորշ գայլի» թաթը կտրում է արաբական աշխարհի վրայից: Հիմա այս ամենի մեջ Ռուսաստանն ունի դրական տարածք, որը ՀՀ-ն է: Այն հազար թելերով կապված է Ռուսաստանի հետ, այդ թվում թուրքական վրեժխնդրությամբ: Դա մեզ պարտադրում է դաշնակիցներ որոնել, իսկ դաշնակիցը Ռուսաստանն է: Ռուսները հստակ պետք է իմանան, որ առաջիկա աշխարհաքաղաքական գործընթացում իրական դաշնակիցներ են պետք: Իսկ դրանք են Սիրիան եւ Հայաստանը»:

Այս իրավիճակում, ըստ քաղաքագետի, Հայաստանի համար խոցելի է Արցախի հատվածը Ադրբեջանից գեոստրատեգիական իմաստով սահմանազատված չլինելու հարցը. «Ինչպես կարող է Հայաստանը Ռուսաստանի հետ դաշնակցություն իրականացնել, եթե արեւելյան սահմանը բաց է: Երկրորդ հարցը Նախիջեւանին է վերաբերում: Մյուս խնդիրը՝ հայկական տարածքից օկուպացված է մնում Շահումյանի շրջանը եւ Մարտակերտի շրջանի մի հատված: Հայկական կողմի խնդիրն է՝ Ռուսաստանի հետ գործակցելով լուծել այս հարցը: Հայաստանի իշխանությունները պահանջ պետք է ներկայացնեն Մոսկվային, որպեսզի վերջինս պահանջի Նախիջեւանի հատվածից թուրքական զորախմբի դուրսբերում եւ ադրբեջանական զորախմբի թվի կրճատում: Այս ամենը պետք է կատարվի առանց համաշխարհային հանրության դեմքին նայելու եւ թույլտվություն ակնկալելու»,-ասաց Շիրինյանը:

Նրա դիտարկմամբ՝ ռուս-թուրքական հարաբերությունները կզարգանան «պատերազմի եզրին՝ խաղաղություն» սկզբունքով. «Հզորացող Թուրքիան ոչ մեկին ձեռնտու չէ, հատկապես Միացյալ Նահանգներին եւ տգետ գերմանացիներին: Փարիզում պայթեցումներից հետո նույնը թուրքերը կազմակերպելու են Գերմանիայում, իսկ այդտեղ 4 միլիոնից ավելի թուրք կա»:

Ինչ վերաբերում է առաջիկայում նախատեսված Ալիեւ-Սարգսյան հանդիպմանը, բանախոսի բնորոշմամբ՝ սահմանին Ադրբեջանի կողմից արձակված յուրաքանչյուր կրակոց հեռացնում է այդ հանդիպումը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031