Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կզարգացնենք ու կշենացնենք մեր երկիրը». Հովիկ Աբրահամյանը խոստացավ, բյուջեն ընդունվեց ծափերով (Տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2015 13:11

«Ինչպես աշխարհի ցանկացած երկրում, Հայաստանում էլ տարեկան բյուջեում հնարավոր չէ ընդգրկել բոլոր ցանկությունները: Ի վերջո, տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ոչ միայն ֆինանսական, այլեւ քաղաքական առաջնահերթությունների հնարավորությունների եւ ցանկությունների հնարավորինս համադրման փաստաթուղթ է»,- այսօր ԱԺ նիստում պետական բյուջեի մասին քննարկման ժամանակ ամփոփիչ ելույթով հանդես եկավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա նշեց, որ կարելի էր այլ մարտավարություն ունենալ, ամրագրել ավելի հավակնոտ նիշ, հետո փորձել բացատրություններ տալ, թե ինչու հնարավոր չեղավ այն իրականացնել: Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ բյուջեն ներկայացնելիս իրենք ազնիվ են գտնվել եւ իրատեսական 2.2 տոկոս աճ են կանխատեսում՝ առանց գունազարդումների:

Վարչապետն ասաց, որ հաճախ հարցադրումներ են լինում, թե սոցիալական ապահովության հարցում ի՞նչ է անում կառավարությունը. Շատ երկրներ սոցիալական ապահովության առումով վերանայել են իրենց ծրագրերը, իսկ մեր կառավարությունն անշեղորեն կատարում է տված խոստումները»: Նա հիշեցրեց,որ ներդրվել է չաշխատող մայրության նպաստի ինստիտուտը, որի համար 2016-ի բյուջեով նախատեսվել է մոտ 4 մլրդ դրամ:

Վարչապետը մեջբերեց Չերչիլի խոսքերը՝ յուրաքանչուր խելացի մարդ միշտ կարող է կազմել հաղթական ծրագիր, բայց մեկ պայմանով՝ եթե ինքը չի այդ ծրագրի իրականացնողն ու պատասխանատուն. «Ես այս խոսքերը հիշեցի, երբ բյուջեն սկսեցին քննարկել տարբեր հարթակներում»:

Նրա խոսքերով՝ բյուջեի նախագիծը ներկայացնելուց հետո հնչեցին քննադատություններ, թե կարելի էր ավելի հավակնոտ ծրագիր բերել եւ առավել մեծ տնտեսական աճ ամրագրել. «Այո, ամեն ինչ էլ կարելի է գրել, եթե դու չես լինելու դրա պատասխանատուն, եթե չես լինելու ասվածի ու չարվածի կրողը: Կարծում եմ, բյուջետային քննարկումների ժամանակ առաջարկություն ներկայացնողը պետք է մոտենա իրականացնողի պատասխանատվությամբ»:

Հովիկ Աբրահամյանը հորդորեց բոլոր առողջ ուժերին միանալ եւ այնպիսի առաջարկություններ անել, որոնք ենթադրում են ոչ թե հաղթական դափնիներ, այլ պատասխանատվության մեծ զգացում. «Մենք կարող ենք դա անել միայն հանդուրժողականության հիման վրա, սուր, բայց կառուցողական քննարկումների արդյունքում՝ միասնական ընդունված որոշումների անշեղ կատարման միջոցով»:

Ամփոփելով իր խոսքը՝ Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ կառավարությունն ունի տնտեսական զարգացման իր տեսլականը եւ ունի քաղաքական կամք՝ այն իրագործելու համար. «Վստահ եմ, որ միասին կզարգացնենք ու կշենացնենք մեր երկիրը, մեր Հայաստանը»:

ՀՀ 2016-ի պետբյուջեի մասին նախագիծը դրվեց քվեարկության եւ ընդունվեց ծափերով՝ 97 կողմ, 12 դեմ, ձեռնպահ 3 ձայների հարաբերակցությամբ: Հովիկ Աբրահամյանը տեղից բղավեց ու  շնորհակալություն հայտնեց պատգամավորներին՝ ասելով, որ այդ քվեարկությունը նաեւ պարտավորեցնող է:

Մինչ քվեարկությունը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հիշեցրեց իրենց դիրքորոշումը, որ բյուջեում աննախադեպ համեստ ցուցանիշներ են եւ պետք է կառավարության արդյունավետությունը բարձրացնել. «Քանի որ լինելու են հերոսաբար դեմ եւ կողմ քվեարկողներ, այս բյուջեի քվեարկությանը ՀՅԴ-ն ուղղակի չի մասնակցի»:

Իսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ այստեղ հերոսության դրսեւորման շքահանդես չէ. «ԲՀԿ-ն ոչ թե հերոսաբար, այլ սթափ քվեարկում է կողմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031