Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Ո՞վ է ասում, որ Դաշնակցությունը լռում է»

Դեկտեմբեր 09,2015 12:39

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համամիտ չէ այն կարծիքներին, թե Դաշնակցությունը լռում է հանրաքվեի ընտրակեղծիքների վերաբերյալ: Aravot.am-ի հարցին՝ մի՞թե Դաշնակցության համար տեսանելի չէին այն ընտրակեղծիքները, որ տեղի ունեցան դեկտեմբերի 6-ին, որ այդպես էլ չարձագանքեց ու լռեց, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Դուք որտե՞ղ եք տեսել, որ Դաշնակցությունը լռել է: Հանրաքվեի հաջորդ օրը Դաշնակցության Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչը մեծ հարցազրույց էր տվել և բոլոր հարցերին անդրադարձել է: Ամեն ինչի մասին մանրամասն խոսել ենք, գնահատականներ տվել ենք: Մենք երբեք չենք ասել, որ ամեն ինչ անթերի է: Մեր իրականությունը ճանաչելով, մեր ընտրական համակարգը իմանալով` սկզբից ասել ենք, որ մեզ համար շատ կարևոր է՝ հնարավորինս նորմալ հանրաքվե անցկացվի: Հնարավորինս նշանակում է, որ հասկանում ենք, որ լինելու են ընտրակեղծիքներ, խախտումներ, չարաշահումներ: Այո, եղել են խախտումներ, բայց դրանք պետք է ունենան գնահատման չափանիշներ: Արմեն Ռուստամյանն արդեն հայտարարել է, որ մեզ համար հանրաքվեն կայացած է: Երկու օր է` բոլոր տեղամասերում վերահաշվարկման գործընթաց է ընթանում, կապրենք, նաև այդ արդյունքները կտեսնենք: Եթե մենք չենք կարողանում ապացուցել, որ ընտրախախտումների ծավալն այնպիսին է, որ ազդել է արդյունքների վրա, ուրեմն այս հարցերը դուրս են գալիս, ուրեմն հանրաքվեն կայացած է և լեգիտիմ: Որ մենք ունենք խայտառակ պրոբլեմներ ընտրական համակարգում, ունենք սարսափելի միջավայր, սա էլ է ակնհայտ, բայց սա հնարավոր է նոր ընտրական օրենսգրքով:

Այստեղ մենք իսկապես վիթխարի գործ ունենք: Այս Սահմանադրությամբ Ընտրական օրենսգիրքը ԱԺ պետք է ընդունվի երեք հինգերորդով, այսօր Հանրապետական կուսակցությունը երեք հինգերորդ չունի ԱԺ-ում: Եթե բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական փորձեն նորմալ Ընտրական օրենսգիրք ունենալ, մենք նաև հաջորդ անգամ էական չափով կնվազեցնենք խախտումների հնարավորությունն ու տրամաբանությունը»:

Հարցին՝ նոր Սահմանադրությամբ կա՞ արդյոք ռեալ շանս, որ Դաշնակցությունը կդառնա մեծամասնություն խորհրդարանում, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Անկեղծ լինելու համար ասեմ, որ առաջիկա 2017 թվականին ես նման հնարավորություն չեմ տեսնում»:

Հարցին՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարց քննարկվու՞մ է, պարոն Վարդանյանը պատասխանեց՝ ոչ:

Lilit_Galstyan

Aravot.am-ի հարցին՝ հանրությունն այնքան էլ գոհ չէ դեկտեմբերի 6-ին անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքներից, սակայն Դաշնակցությունը լուռ է. մի՞թե կուսակցության համար տեսանելի չեն ընտրակեղծիքները, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը պատասխանեց. «Ես խնդիրը կբաժանեի երկու մասի՝ նոր սահմանադրություն, որը մեր համոզմամբ՝ ՀՀ քաղաքական իրականության ճարտարապետությունը 180 աստիճանով պիտի փոխեր: Մենք «այո» էինք ասում համոզումով, որովհետև այդտեղ իրացվել էին ՀՅԴ-ի համար արժեքավոր մի շարք արժեքներ ու սկզբունքներ, մասնավորապես խորհրդարանական կառավարման մոդելը, հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը, ընդդիմության իրավունքների ընդլայնում և այլն: Նաև այն համոզումը, որ մեր տեսակետները՝ երկրում փոփոխությունների անհրաժեշտությունը կիսում էր ժողովրդի գրեթե բացարձակ մեծամասնությունը»:

Դառնալով ընտրակեղծիքներին Լիլիթ Գալստյանն ասաց. «Ընտրակեղծիքն ինքնին դատապարտելի է, շատ ենք ցավում, որ այս անգամ էլ որոշ ստահակներ չկարողացան խուսափել այլևս վարքագիծ դարձած ընտրակեղծարարությունից: Բացարձակապես չէինք ցանկանա, որ երկրի համար բովանդակային ու համակարգային փոփոխություններ ապահովող այս փաստաթուղթը խոցող դրսևորումներ տեղի ունենային: Գերագույն մարմինն իր արժևորումն ու գնահատականը կտա»:

Լիլիթ Գալստյանը, հղում կատարելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքին, թե ընտրակեղծարարներն իր անձնական թշնամիներն են, հույս հայտնեց, որ «երկրի նախագահը ևս նախանձախնդիր պիտի լինի այդ ամենի վերաբերյալ և իր գնահատականը տա, քանի որ երևույթն առնչվում է մեր պետականության հեղինակությանն ու վարկանիշին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    «Ո՞վ է ասում, որ Դաշնակցությունը լռում է» – դաշնակցութունը պարզապես ձայն չի հանում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031