«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջին օրերին ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի մի շարք գյուղերում անասունները հիվանդանում են։ Այդ գյուղերն են՝ Մարգարան, Լուսագյուղը, Ապագան, Ջրառատը եւ այլն։ Տեղի բնակիչների համոգմամբ՝ անասունների մոտ արձանագրվածը դաբաղ հիվանդությունն է։ Սակայն բնակիչների փոխանցած տեղեկությունները ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չի հաստատում։
Նշենք, որ դաբաղը ընտանի կենդանիների խիստ վարակիչ, սուր ընթացքով վիրուսային հիվանդություն է, որը բնորոշ է տենդով եւ բերանի խոռոչի լորձաթաղանթների, մաշկի եւ վերջավորությունների խոցային (աֆտա) ախտահարումներով։ Առավել զգայունակ են խոշոր եղջերավոր կենդանիները եւ խոզերը, ոչխարները, այծերը։ Կան տվյալներ շների եւ կատուների վարակելիության մասին: Հիվանդության հարուցիչի աղբյուրը հիվանդ եւ վիրուսակիր կենդանիներն են։ Ի դեպ, վերջիններիս օրգանիզմում վիրուսը պահպանվում է ավելի քան 400 օր։ Դաբաղի վիրուսը կաթի մեջ 65C ջերմաստիճանի պայմաններում ակտիվազրկվում է 30 րոպեում, 70C-ում՝ 15 րոպեում, իսկ 80– 100C-ում՝ մի քանի վայրկյանում։ Սպանդի ենթարկված կենդանիների մսեղիքում կաթնաթթվի ազդեցության տակ վիրուսն ակտիվազրկվում է։ Աղ դրված եւ ապխտած մթերքներում դաբաղի վիրուսը պահպանվում է 50 օր։ Թույլատրվում է օգտագործել դաբաղով հիվանդ կենդանու մսամթերքը եւ կաթը միայն ջերմային մշակման ենթարկելուց հետո։
Ի դեպ, դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ են նաեւ մարդիկ, հատկապես՝ երեխաները։ Վիրուսի փոխանցում կարող է կատարվել նաեւ մարդկանց եւ այլ՝ մեխանիկական միջոցներով։ Դաբաղից անկած կենդանիների դիակները ոչնչացնում են, կաթը՝ վնասազերծում ջերմային մշակմամբ։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում