«Մեր ժողովուրդը դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի միջոցով մոտեցավ Հայոց պետականության ակունքներին»,-այսօր ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկած ՀՅԴ 125-ամյակին նվիրված «ՀՅ Դաշնակցությունը և Հայոց պետականությունը» թեմայով գիտաժողովին հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Ըստ նրա՝ խորհրդարանական համակարգի անցումը «ազգի ու պետության միջև անջրպետը հաղթահարելու և ազգին պետության լիարժեք տերը դարձնելու գրավականն է»:
Հրանտ Մարգարյանի կարծիքով՝ ՀՅԴ-ն իր գործունեության ընթացքում մշտապես պայքարել է հատվածականության դեմ. «ՀՅԴ-ն հատվածականության թիվ մեկ հակառակորդն է եղել հայ իրականության մեջ և ամեն ինչ անելու է ձերբազատվելու դրանից»: Պարոն Մարգարյանը այս համատեքստում որպես բացասական օրինակ բերեց «հայաստանցի-ղարաբաղցի» հակադրությունը:
Նա հույս հայտնեց, որ գիտաժողովի նյութերը կլինեն ոչ միայն նեղ ակադեմիական, այլև գիտագործնական ուղղվածության:
Կարդացեք նաև
ՀՅԴ Բյուրոյի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Լևոն Մկրտչյանը, դառնալով Դաշնակցության՝ հայոց պատմության ընթացքում ունեցած դերակատարությանն ասաց. «ՀՅԴ-ի՝ իբրև պատմական կուսակցության ձեռագիրը կա մեր ժողովրդի 100-150 տարվա պատմության բոլոր դրվագներում: Դաշնակցությունը ՀՀ-ի անկախության կերտող հիմնական կուսակցությունն էր 1918-1920-ին, և այդ ժամանակ էր, որ մենք որդեգրեցինք եվրոպական պետականաշինության ձևաչափը՝ խորհրդարանական հանրապետությունը: Հետագայում սփյուռքում մեր ազգային կառույցները նույն սկզբունքով ձևավորվեցին, այսինքն՝ իշխանության ցրում և հավասարակշռություն: Դաշնակցությունը դեռ 1990-ականների սկզբին հանդես եկավ սահմանադրության մի նախագծով, որտեղ ամրագրվում էր խորհրդարանական կառավարման համակարգը»:
Նշենք, որ գիտաժողովին զեկուցումներ հնչեցին «Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանական կառավարման փորձը», «ՀՅ Դաշնակցությունը Հայաստանի երրորդ հանրապետության քաղաքական կյանքում» և այլ թեմաներով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ