Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՄԸՄ Կենտրոնական վարչության անդամներին

Դեկտեմբեր 09,2015 11:09

Դեկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (ՀՄԸՄ) Կենտրոնական վարչության անդամներին` ուղեկցությամբ ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի:

Ներկայացնելով վարչության անդամներին` Գառնիկ Մկրտիչյանը անդրադարձավ ՀՄԸՄ վարչության առաքելությանն ու կազմակերպական խնդիրներին, համագործակցությանը Հայոց Եկեղեցու թեմերի հետ: ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետը մասնավորաբար նշեց, որ վարչության բոլոր անդամների մեկտեղումը Հայրենիքում լրացուցիչ եռանդ է հաղորդում ամենքին` մեկ քայլով մոտեցնելով նրանց հիմնական առաքելությանը. այն է`հայ երիտասարդին պահել մաքուր ու անբասիր, հավատարիմ նախնյաց սուրբ ավանդներին ու բարքերին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրապետական օրհնությունը փոխանցելով ՀՄԸՄ վարչական մարմնի նոր անդամներին, կարևորեց նրանց այցը համայն հայության հոգևոր կենտրոն և գնահատեց այն դերակատարությունը, որ վերջիններս ունեն հայ երիտասարդի նկարագրի կազմության, նրա սրտում հոգևոր-բարոյական արժեքների ձևավորման աստվածահաճո գործում: Անդրադառնալով ՀՄԸՄ Կենտրոնական վարչության աշխատանքներին` Նորին Սրբությունը հավելեց, որ Հայ Եկեղեցին մշատապես առաջնահերթ կարևորություն է ընծայել մատաղ սերնդի կրթության վեհ ու նվիրական առաքելությանը և ողջունել դրանում մասնակից հայորդիներին, ովքեր անձնվիրաբար կյանքի են կոչում երիտասարդների հայրենասիրական աշխարհայացքի կերտումը:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տների գործունեությանը և այնտեղ ջամբվող հոգևոր-հայրենասիրական կրթությանը:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031