Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրաքուէ եւ ափսոսանք. Asbarez

Դեկտեմբեր 09,2015 11:01

Ըսեմ, որ ես ո՛չ դիտորդ էի, ոչ ալ վստահուած անձ, եւ կուսակցութեանս բռնած դիրքորոշումին հաւատարիմ մնալով ու ելով հանդերձ, անձնապէս վերապահ կարծիք ունեցած եմ այս ամբողջ գործընթացին հանդէպ։ Իսկ ինչ կը վերաբերի հանրաքուէէն ետք ծայր առած վէճերուն, զեղծարարութեան մասին ամբաստանութիւններուն եւ միջազգային ու տեղական դիտորդներու քննադատական եզրակացութիւններուն, ընդամէնը կ՛ուզեմ յայտնել հետեւեալը՝ այս ընտրութիւնները ոչինչով կը տարբերէին նախորդ ընտրութիւններէն։

Այստեղ, սակայն, կ՛ուզեմ ձեզի ներկայացնել դաշնակցական ընկերոջս՝ Իւան Արտհալճեանի ֆէյսպուքեան գրառումը, որ լայն տարածում գտաւ Հայաստանի մէջ։ Շնորհակալութիւն Իւանին, որ արտօնեց ինծի իր՝ ինքնին խօսուն, գրառումը ներկայացնել նաեւ մեր թերթի ընթերցողներուն.

«Այո, բայց ո՛չ
4/32 ընտրատեղամասում յանձնաժողովը եւ վստահուած անձիք չկարողացանք պաշտպանել 677 ՀՀ քաղաքացու իրաւունքը: Ես առաւօտում քուէարկել եմ «Այո», յետոյ գնացել եմ 4/32 ընտրատեղամաս իբրեւ ՀՅԴի վստահուած անձ: Ամբողջ օրը տարեցներ, երիտասարդներ, ընտանիքներ, մասնագէտներ եւ անհատներ մտան ընտրատեղամաս եւ քուէարկեցին: Օրուայ ընթացքին օգնեցի տարեցներին բարձրանալ աստիճաններից, ուղղեցի մարդկանց համապատասխան սեղաններին համաձայն իրենց հասցէներին, շատ անգամ ստուգեցի յանձնաժողովի անդամների գործարքները: Ես տեսայ 90ամեայ վետերան ծերունու աչքերում յոյսի փայլը, զգացի հպարտութիւնը երիտասարդ մայրերի եւ հայրերի՝ իրենց զաւակները գրկած կամ ձեռքերից բռնած ինչպէս էին քուէաթերթիկները գցում արկղում՝ յուսալով աւելի լաւ, կամ չփոխուած Սահմանադրութիւն: Ես հպարտ էի այս գործընթացին մաս կազմելուս: Ժամը 20:00ին դռները փակուեցին, հաշուարկը սկսուեց եւ ապա յանձնաժողովի նախագահը բացաւ 677 քուէաթերթիկներով լեցուն արկղը:
Նախագահը հատիկ-հատիկ բացեց ծրարները, եւ յանձնաժողովի հաստատումով ընդունուեց «Այո», «Ոչ» կամ անվաւեր քուէն իւրաքանչիւր քուէաթերթիկի համար: Այդ ընթացքին յանձնաժողովի մի անդամ, ուրիշ վստահուած մի անձ եւ ես հաշւում էինք եւ արձանագրում արդիւնքները: Վերջում, ըստ երեք արձանագրութիւններին, երեք քուէի տարբերութեամբ 404 «Ոչ», 229 «Այո» եւ 31 անվաւեր քուէ հաշուեցինք: Յետոյ, երբ որ յանձնաժողովի անդամները սկսեցին քուէաթերթիկները հաշուել, ինչ որ ձեւով «Ոչ» քուէաթերթիկները դարձան 117, «Այո» քուէաթերթիկները դարձան 523 եւ 34 հատ էլ անվաւեր:

Նշեմ մի քանի անսովոր կացութիւն.
1. Ժամը 19:30ին 4 անձիք ներկայացան իբրեւ դիտորդ:
2. Քուէների ծրարները բանալու վերջաւորութեան նոր ներս մտնող դիտորդներից մէկը խնդրեց ընդմիջում. յանկարծ՝ հրել, հրմշտել, ծեծկռտուք սկսեց չորս նոր ներս մտնող դիտորդների միջեւ: Այն տեւեց մօտաւորապէս 3-4 րոպէ: Բնականաբար, բոլորի ուշադրութիւնը ուղղուած էր չորսին:

3. Բոլոր չորս նոր ներս մտնող դիտորդները միջադէպից յետոյ պատրաստակամօրէն դուրս եկան ընտրատեղամասից:

4. Քուէաթերթիկների հաշուարկից առաջ նախագահը դուրս ելաւ ընտրատեղամասից իր մեքենան «խոդի տալու»:
Ես վստա՛հ եմ, որ քուէաթերթիկները ապօրինի ձեւով փոխուել են եւ 4/32 ընտրատեղամասում քուէարկած բոլոր 677 ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրաւունքը խախտուել է:

– Ամօ՛թ յանձնաժողովի բոլոր անդամներին եւ վստահուած անձանց (ներառեալ եւս ես), որ չկարողացանք պաշտպանել ՀՀ քաղաքացիների 677 ձայները՝ անկախ թէ ինչ են քուէարկել:

– Ամօ՛թ բոլոր անոնց, որ մաս են կազմած խախտման գործընթացին կամ ականատես եղած, սակայն աչք փակած:

– Ամօ՛թ այն ղեկավարութեան, որ ուղղորդել է իր անձնակազմին նախագծել եւ իրականացնել նման կազմակերպուած խախտումներ:
– Ամօ՛թ որեւէ անձի, որ իմանալով որ խախտումներ կը լինեն, գիտակցաբար հեռացել է եւ մերժել պաշտպանել քաղաքացիների իրաւունքը:
Շնորհակալութիւն ձեզ, 677 ՀՀ քաղաքացիներ՝ հաւատալու մեր ժողովրդավարութեան: Դուք իմ յոյսն էք: Ես շարունակելու եմ պայքարել ձեզ համար»։
Գրեցէ՛ք ինծի:

Րաֆֆի Տուտագլեան
[email protected]

Նյութի մանրամասները կարդացեք Asbarez -ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031