Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական տեղապտույտը

Դեկտեմբեր 09,2015 10:11

Եթե սահմանադրական հանրաքվեից հետո էլ ընդդիմության մի մասի մոտ պատրանք կա, որ 23 տարի կիրառվող պայքարի ձեւերով հնարավոր է Հայաստանում իշխանափոխության հասնել, ուրեմն այդ մարդիկ դեռեւս չեն հասունացել: 2015 թվականին ասել նույն բառերը, որոնք 1992 թվականին ասում էր, ասենք, ԱԺՄ-ն, նույնն է, որ ես շարունակեմ թերթ հրատարակել լինոտիպային եղանակով: Իշխանափոխությանն, այո, պետք է հասնել միայն քվեարկության միջոցով, բայց եթե դա միայն բողոքի, ցասումի, ատելության վրա հիմնված քվեարկություն է, ապա այն կբերի նույն արդյունքների, որոնց բերել է 1995 թվականից սկսած: Փրփուրը բերանին իշխանավորների եւ նրանց մերձավորների անուններն արտասանելը (ի դեպ, 1994-ի ամռանն էր, որ Աշոտ Մանուչարյանն առաջին անգամ ասել է «Գրզո»` շարժելով հավաքվածների ատելությունն այն ժամանակվա ՆԳ նախարարի բարեկամի նկատմամբ)` դա, անշուշտ, բարձրացնում է հասարակական ջերմաստիճանը, բայց չի նպաստում հասարակության կազմակերպմանը:

Ընդդիմադիրներին միշտ թվացել է, որ Ազատության հրապարակում եւ Երեւանի կենտրոնում «հույ-բույ» անելուց առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահները կվախենան եւ հրաժարական կտան: Նրանք վստահ էին եւ ոմանք, երեւի, մինչեւ հիմա վստահ են, որ հերթական կեղծված ընտրություններից (հանրաքվեից) հետո «կրիտիկական զանգված» ապահովելով՝ պետական որեւէ ատյան կվերանայի այդ ընտրությունների արդյունքները: Ամեն մի ընտրությունից առաջ հայտարարելով՝ «այս անգամ իշխանություններին չի հաջողվի բռնաբարել ժողովրդի կամքը», հետո համոզվում են, որ շատ լավ էլ «հաջողվում է»: Ընդ որում, նրանք, ովքեր մի երկու անգամ արդեն «բռնաբարել են», բողոքում են իրենց հետնորդ «բռնաբարողներից»: Եվ «կախարդական շրջանը» կատարում է իր հերթական տեղապտույտը:

Այդ ամենը արդյունքի չի բերել եւ իմաստ չկա համառելու, թե երբեւէ կբերի, որովհետեւ ակնհայտ է, որ մի կողմում կանգնած է կազմակերպված թիմ (իր բոլոր բացասական հատկանիշներով), մյուս կողմում՝ հախուռն ատելությամբ լցված զանգված, որի «խարիզմատիկ լիդերները» չափից դուրս շատ են, եւ հենց այդ պատճառով էլ ամեն մեկն «իր էշն է քշում»:

Ես չգիտեմ՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի կամ մյուս «այլընտրանքային ընդդիմադիրների» առաջարկներն աշխատող են, թե ոչ, բայց, հավանաբար, իմաստ ունի «ավանդական», «ԱԺՄ-ատիպ» ընդդիմադիրներին մի փոքր «սառչել», ժամանակավորապես հրաժարվել «ներընդդիմադիր» մրցակցություններից եւ լսել թե իրար եւ թե վերոհիշյալ գործիչներին: Գուցե հաջողվի՝ ա/ գտնել այդ գաղափարն ու ծրագիրը, որի շուրջ կմիավորվի հասարակության մեծ մասը, բ/ գտնել այն կազմակերպչական ձեւերը, որոնք կարող են հակադրվել իշխանության կազմակերպվածությանը: Դրա համար մնացել է մի քանի ամիս՝ մինչեւ հաջորդ տարվա մայիս, երբ ըստ էության կսկսվի խորհրդարանական ընտրությունների մրցավազքը:

Հակառակ դեպքում 2017 թվականի ընտրություններից հետո կլինի ճիշտ նույն պատկերը, որը կա հիմա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Պարզ է թէ, մի քանի տարիներէ ի վեր արդէն, փողոցի ընդդիմութիւնը, նուազագոյնը՝ իր զավեշտային խոստումներով, ուխտերով եւ երաշխիքներով, շատ աւելի է խաբում ժողովուրդին, քան թէ իշխանութիւնը:

    Սակայն իրօք Պարոն Փաշինյանը հետաքրքրական ճիգեր է թափում… Նայինք թէ ոնց կը ստացվի: Քիչ մըն ալ եթէ յաջողի սանձել յուզականութիւնը, իշխել ջիղերին վրայ եւ պահել հարկաւոր հաւասառակշռութիւնը, կրնայ իսկական գլխացաւ դառնալ վարչակարգին համար: (Եթէ անշուշտ մինչ այդ միւս ընդդիմադիրները, տեսնելով վտանգը, զինք չխորտակեն) :

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Իշխանութեան տէր «հակառակորդները մեռցնելու» չարաշունչ մօտեցումն ու հեքիաթները մէյ մը որ մէկդի դրվին, արգիլված չէ մտմտալ «ազգային միութեան կառավարութեան» այլընտրանքի մասին, ուր իշխանութեան կուսակցութենէն դուրս, անոր նկատմամբ – մասամբ, բայց իսկապէս – տարակարծիք կամ այլախոհ անձիք, կարող են ստանձնել բարձրաստիճան պաշտօններ (ըսածս բնաւ կապ չունի անշուշտ անցեալի իբրեւ-թէ կոալիցիաների հետ, որոնք բացայայտօրէն անիմաստ եւ ցաւալի ձեւակերպութիւններ էին) :

  2. Իրավաբան says:

    Ինչ եք կարծում, հանրաքվեի հրապարակված տվյալները արտահայտում են իրական կամքը՞՞՞՞:
    Իսկ ամբողջ աշխարհում տեսնես էդ ինչ տարբերակներ կան՞:
    Այո իսկ ՆԻԿՈԼՆ ՈՒ ԿՈ-ն ճի՞՞՞՞շտ ճանապարհ են ընտրել-բա ոնց:
    Դուք էլ նույն տեքստն եք գրում :Եվ ՀԵՏՈ՞՞: Կարդացող կա՞ՃՃՃ

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Իրավաբան, քաղաքացիների կամքը այս հանրաքվեով հերթական անգամ կոպտորեն բռնաբարվել է: Կարծում եմ, դա իմ հոդվածից պարզ է: Մնացած հարցերը պատասխանի կարիք չունեն:

      • Իրավաբան says:

        Շնորհակալ եմ պատասխանի համար:
        Խնդրում եմ հնարավորության դեպքում Ձեր դիրքորոշումը հայտնել Նախագահին հերթական ինքնաասուլիսի ժամանակ:

  3. Մարգար Մախսուդյան says:

    Որևէ ծանր վիճակից դուրս գալու, դրանից ելքեր փնտրելու համար, նախ պետք է այդ վիճակի հնարավորինս օբյեկտիվ գնահատականը տալ: Ըստ իս՝
    1.Իշխանությանը տիրացած խմբի այլասերումը նվաճել է նոր բնագծեր: Նրանց շարժառիթներն ու գործողություններ հակասում են քաղաքացիների գերակշիռ մեծամասնության շահերին
    2.Երկրի տնտեսությունը շարունակում է անկումը նրանց ագահության, փոքրոգի խորամանկության, սակայն մեծ հաշվով տգիտության պատճառով:
    3.Ընդդիմության գործողությունները շարունակում են մնալ առանց լուրջ ռազմավարության և չկորդինացված, քանի որ քրեականացված խմբիշխանների կատարողական ունակությունները ու նրանց շարունակ այլասերվելու, մուտացիայի ենթարկվելու կարողությունները թերագնահատվում են:
    4.Առանց համազգային նոր, միավորող գաղափարի և շարժման, քրեոկրատները և նրանց միացած ՛՛Լեյտենանտ Շմիդտի որդիներ և ընկ.՛՛-երը շարունակելու են սղոցել այն ճյուղը, որի վրա բոլորս ենք նստած:
    Ի՞նչ անել…
    1.Պետք է տպագրել ՛՛Ընտրաժուլիկների, ընտրագողերի, ընտրաավազակների բացահայտման և արդյունավետ վնասազերծման հակահնարքների դասագիրք՛՛, ուսուցանել այն կամավորներին, և քննություն հանձնելուց հետո միայն վստահել նրանց հանձնաժողովի անդամի, վստահված անձի կամ դիտորդի պարտականությունները: Այս քննությունից բարձր գնահատականներ ստացած քաղաքացիներին զինել տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից միջոցներով, հնարավոր բոլոր շառերից ապահովագրվելու և նրանց վկայությունները անհերքելի դարձնելու համար: /Զրահաբաճկոնի նպատակահարմարության հարցը թողնել հետագայի համար/
    2.Աշխատել նաև իշխանության կողմից առաջիկայում քցվողների հետ, որոնց պակաս հաստատ չի զգացվելու, քանի որ քերման մակերեսը շարունակելու է փոքրանալ, իսկ քերողների ախորժակը, ինչպես հայտնի է, կարող է փոփոխվել միայն ՛՛դրական՛՛ ուղղությամբ:
    Հ.Գ.
    Եթե վերջաբանը մի քիչ ուրախ ստացվեց՝ ներողամիտ եղեք, իրականությունը շատ ավելի մռայլ է:

  4. Գալուստ Ենոքյան says:

    Ինձ թվում է որ ներկա վիճակում , իհարկե թերեվս հարկավոր է ուշադիր հետեվել Չիկագոի «կոմոդիտիօ շուկայի նավթի սանդղակի ուղղությանը եվ «աղոթել» որ այդ ուղղությունը շարունակի վար իջնելը: Կարծում եմ սպասվող տնտեսական սուր ճգնաժամը հյուսիսում, հնարավորություն կտա գոնե այս անգամ փորձել ազատվել Լյուբյանկաի ճիրաններից եվ այն «ըննդիմությունից» որին այդ հիմնարկը 25 տարի է «ղեկավարումօ է: Գուցե հնարավոր կլինի ազատ անկախ ընտրություններ կատարել առանց Մոկայի ընտրական հանձնաժողովի էմիսարի ցուցումների…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031