«Թեքեյան կենտրոն» հիմնադրամում դեկտեմբերի 8-ին բացվեց Ժիրայր Աղավելյանի «Վերադարձ» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Յուրաքանչյուր նկար բերում է իր բաժին խոհականությունը և դառնում է դիտողի համար երևակայական հենք:
«Երբ ես նոր էի սկսում նկարել, մտածում էի՝ ինչ կարելի է անել մարկանց հոգևոր առումով «ղեկավարելու» համար: Նկարում էի, հետո զգացի, որ գույներով մարդկանց գցում եմ տարբեր դրությունների մեջ. մեկը լաց է լինում, մյուսը ծիծաղում է, երրորդը տագնապի մեջ է… Այսինքն՝ ինքս ինձ համար հայտնաբերեցի, որ հնարավոր է ղեկավարել, բայց դրանից հետո հասկացա, որ դա սխալ է, չի կարելի մարդկանց հոգու հետ խաղալ: Հոգուն օգնել է պետք, այսինքն՝ հոգևոր իմաստով նրան բարձրացնել, արժևորել է պետք, և օգնել, որ մարդը միայն դրական զգացողություններ ունենա: Այդպես սկսեցի աշխատել միայն դրականը փոխանցելու ուղղությամբ: Եվ հիմա իմ նկարներում ուղղորդող լույսեր կան: Դա հենց այն դրականն է, որը փոխանցում եմ դիտողին: Լույսը ոչ միայն լույս է, այլև ջերմություն, որը բերում է հոգևոր կապ, վերջինս էլ բերում է մարդկային միասնության: Եթե ես գեղեցիկը տալիս եմ ձեզ, դուք էլ գեղեցիկը կփոխանցեք ուրիշին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նկարիչը:
Ասում է, որ երբ իրեն հարցնում են, թե որ գույնն է ամենաշատը սիրում, պատասխանում է՝ ստվերի լույսը. «Որովհետև դրանում է ամբողջ իմաստը, նաև հոգու, որն ինքնըստինքյան կարծես մութ երևույթ է, բայց երբ սկսում ես նրա հետ խաղալ, քիչ-քիչ բացել և դրական էմոցիաներ հաղորդել, սկսում է լուսավորվել, ժպտալ, անգամ մերվել մարդկանց հետ»,- ասում է Ժիրայր Աղավելյանը:
Կարդացեք նաև
Նա իր ստեղծագործություններին անուններ չի տալիս. «Թողնում եմ դիտողին. յուրաքանչյուրը նկարին նայելիս ինքը կորոշի՝ ինչ անուն տալ նրան: Եթե ես անուն եմ տալիս, նշանակում է՝ ուղղորդում եմ, իսկ ես չեմ ուզում ուղղորդել, առանց այն էլ մի անգամ արդեն ուղղորդել եմ: Ավել պետք չէ»,- ընդգծեց նկարիչը:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նոր է ծանոթանում Ժ. Աղավելյանի գործերին. «Շատ ուրախ եմ, որ ինձ համար հայտնաբերեցի այսօրվա լեզվով խոսող մի նոր ստեղծագործողի, որն իր հստակ ուղղվածությունն ունի և մեզ է փոխանցում իր մտորումները: Աղավելյանի գործերում ինքնատիպ մոտեցում կա: Կարծում եմ, որ շատ հետաքրքիր, բազմազան ու խորը արվեստ է ստեղծում»,- ասաց նա:
Ի դեպ, այսօր տեղի ունեցավ նաև Ժ. Աղավելյանի «Երեք հասակ» գիրք-ալբոմի շնորհանդեսը:
Գիրք-ալբոմը լույս է տեսնում նկարչի ծննդյան 60-ամյա հոբելյանի և ստեղծագործական ուղու 40-ամյակի առթիվ:
Գրքում, ելակետ ունենալով ներկայացնելու ֆոտոռեժիսուրան որպես նոր ֆոտոգեղարվեստի ստեղծման միջոց, հեղինակը ներկայանում է ընթերցողին իր ստեղծագործական կենսագրությամբ, մանկության, երիտասարդ և հասուն տարիների հիշողություններով, իր՝ որպես անհատի ձևավորման ճանապարհին հանդիպած դժվարություններով, ձեռքբերումներով և այդ ամենի խոհափիլիսոփայական վերլուծությամբ:
Սա հեղինակի երրորդ գիրքն է:
Իսկ ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 16-ը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ