Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայերը հեռանում են բնակարան ու աշխատանք չունենալու պատճառով

Դեկտեմբեր 09,2015 14:30
odanav

Սիրիայից տեղահանված բնակչության տնտեսական
ինտեգրումը մեր երկրում մեծ դժվարություններով է ընթանում

Վերջին հինգ տարիներին մոտ 20 հազար սիրիահայ է ներգաղթել Հայաստան, որոնք փախել են սիրիական հակամարտությունից եւ փորձել ապաստան գտնել ու հաստատվել Հայաստանում: Սակայն նրանց մի մասը կրկին բռնել է գաղթի ճամփան՝ ապաստան փնտրելով եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում:

Սիրիայից Հայաստան ներգաղթածների 99 տոկոսը ազգությամբ հայեր են, ինչը հեշտացնում է մի շարք իրավական, վարչական ընթացակարգերը, մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը, եւ արդեն իսկ Հայաստանում բնակվող սիրիահայերի կեսից ավելին ունեն ՀՀ քաղաքացիություն: Այս առումով սիրիահայերի ինտեգրման գործընթացն էականորեն տարբերվում է աշխարհում ընդհանուր սկզբունքներով փախստականների ինտեգրման գործընթացից:

Սակայն Սիրիայից տեղահանված բնակչության տնտեսական ինտեգրումը մեր երկրում մեծ դժվարություններով է ընթանում: Այս մասին փաստում է «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունը, որը հրապարակել է «Սիրիայից տեղահանված բնակչության տնտեսական ինտեգրումը» թեմայով զեկույցը:

Զեկույցի հեղինակները հետազոտություն են անցկացրել՝ պարզելու, թե սիրիահայերը սոցիալ-տնտեսական ոլորտներում ինչպիսի խնդիրների են հանդիպում, որոնք թույլ չեն տալիս հայրենիք ներգաղթած սիրիահայերին Հայաստանում հաստատվել, բիզնես հիմնել եւ, առհասարակ, հայաստանյան կյանքին ինտեգրվել:

Կազմակերպության մասնագետները պարզել են, որ Հայաստանում բնակվելու սիրիահայերի հիմնական շարժառիթը ազգությամբ հայ լինելն ու սեփական երկրում հաստատվելն է: Այդուհանդերձ, սիրիահայերը հեռանում են Հայաստանից, քանի որ չեն կարողանում ձեռք բերել աշխատանք, բնակարան եւ չեն կարողանում կայանալ որպես անհատ: Զեկույցը փաստում է. «Տեղացիների հետ արդյունավետ փոխհարաբերություններ կառուցելու հարցում սիրիահայերին կաշկանդում է աշխատանք եւ բնակարան չունենալու հանգամանքը»:

«Սեյվ դը չիլդրեն»-ի մասնագետները նաեւ պարզել են, որ սիրիահայ ձեռնարկատերերը գործը մեկնարկելու պահին չեն տիրապետում շուկայի փոփոխվող ծավալներին, ֆինանսական արդյունավետ պլանավորմանը, հարկային, մաքսային օրենսդրությանը: Այսինքն՝ չկա որեւէ մի կազմակերպություն, որը կուղղորդեր, խորհրդատվություն կմատուցեր ու մարքեթինգային օգնություն կցուցաբերեր սիրիահայ գործարարներին:
«Սիրիահայերի դժգոհությունների խորքային պատճառը օրենքների չիմացությունն է: ՀՀ օրենքների ներկայացվածության անմատչելիությունն ու անհասանելիությունը խոչընդոտում են ինտեգրվելու գործընթացին»,- ասված է զեկույցում:
Ըստ զեկույցը կազմած մասնագետների՝ օրենքների չիմացության հետեւանքով էլ սիրիահայ գործարարները հաճախակի վճարում են վարչական տուգանքներ, ինչպես նաեւ դժգոհում են հարկերի բարձր չափերից:

Սիրիահայերը նաեւ դժգոհություն են հայտնել պետական մարմինների մատուցած ծառայությունների որակից: Բացառությամբ ապաստան հայցողների՝ ստացիոնար բուժումը անհասանելի է սիրիահայերին՝ բարձր վճարի պատճառով: Ներգաղթած սիրիահայերի դժգոհությունը հիմնականում կապված է իրենց մասնագիտությամբ աշխատանք չգտնելու հետ. «Սիրիահայերի մեծ մասը միջին մասնագիտական կրթություն ստացած անձինք են, որոնք տիրապետում են մի շարք արհեստների: Դրանցից շատերի պահանջարկը բացակայում է ՀՀ աշխատաշուկայում»,- փաստում են կազմակերպության մասնագետները:

Անդրադառնալով սիրիահայ ընտանիքների երեխաների հիմնախնդիրներին՝ զեկույցի հեղինակները նկատում են, որ 12-17 տարեկան պատանիների ինտեգրման եւ ադապտացիայի խնդիրները հաճախ չեն ստանում պատշաճ ուշադրություն եւ մոտեցում. «Պատանիներն ունեն լեզվական եւ շրջապատին հարմարվելու դժվարություններ, ու դեռեւս չեն ստեղծվել դրանց վերացմանը նպաստող պայմաններ»:
Հետազոտությունը կատարած մասնագետները արձանագրել են նաեւ դրականը: Ըստ նրանց՝ սիրիահայ երեխաների համար հավասար պայմաններ են հատկացված՝ օգտվելու կրթական եւ առողջապահական բոլոր ծառայություններից, դպրոցներում կրթական հաստատությունների ղեկավարները նպաստում են երեխաների ինտեգրմանը, կրթական ծառայություններից երեխաներն օգտվում են անվճար, իսկ երիտասարդներն օգտվում են կրթաթոշակներից: Մի քանի բժշկական հաստատություններ սեփական նախաձեռնությամբ որոշ ծառայությունների համար սիրիահայերին տրամադրում են հավելյալ արտոնություններ:

Զեկույցի հեղինակները դիմելով այն կազմակերպություններին, պետական կառույցներին ու փորձագետներին, որոնք ջանում են լուծել սիրիահայերի զբաղվածության, ձեռնարկատիրական գործունեության խնդիրները, առաջարկում են ուշադրություն դարձնել գյուղատնտեսության, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վրա, հատկապես մարզերում, մասնավորապես՝ Սիրիայից տեղահանված հայերի ինտեգրման համատեքստում:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031