Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում մի բարի սովորության ու դրա հետ կապված՝ Հիսուսի ուսման մասին

Դեկտեմբեր 09,2015 12:30

Ամռանը մի օր Արցախում մի հոգեւորականի հետ գնացել էինք սահմանամերձ մի գյուղ, մի փոխգնդապետի տուն՝ տնօրհնեք կատարելու: Խոնարհ մարդիկ էին, ու դա շատ հաճելի էր: Սեղանին բազում հյուրերի շարքում ամենապատվավոր տեղերից մեկում նստած էր շատ համեստ հագնված միջին տարիքի մի մարդ, ով ամբողջ այդ ընթացքում ոչ ձայն հանեց, ոչ խոսեց, միայն բառացիորեն երկու բառ ասաց: Ես էլ մտածում էի, որ եթե ազգական է, ապա ինչու չի խոսում, իսկ եթե ազգական կամ մտերիմ չէ, ապա ինչպես է, որ սեղանապետին այդքան մոտ է նստած: Բոլորն այս մարդուն հարգանք ու պատիվ էին ցուցաբերում:
Ետդարձի ճանապարհին հոգեւորականին հարցրեցի, թե ո՞վ էր այդ մարդը, որ համ սեղանին այդպիսի պատվի էր արժանացել, համ էլ չէր խոսում: Ասաց՝ այդ գյուղում մի բարի սովորություն կա: Երբ որ մեկի տանը մի առիթով սեղան են բացում, չեն մոռանում աղքատներին, հրավիրում են գյուղի ամենաչունեւոր մարդկանց ու տան անդամի պես պատվավոր տեղում նստեցնում, որ մարդն իրեն սիրված զգա:

Այ քեզ գեղեցիկ սովորություն: Այ քեզ հուզիչ պատմություն: Այ քեզ սեր: Այ քեզ ընդօրինակելու բան:

Հիմա, որ Նոր տարին մոտենում է, եկեք դուք էլ մտածեք այս բաների մասին: Ոչ թե փող հնչեցրեք ու թուլա-փայ գցեք մարդկանց առաջ, այլ բարձրացրեք ու սիրեք, գուրգուրեք ու պատիվ տվեք զրկվածին: Նա քո Հոր Զավակն է, նա քո եղբայրն է, նա քո քույրն է: Եվ մեծ պարգեւ կունենաք երկնքում: Աստված կծափահարի ձեզ երկնքից ու ձեզ որպես օրինակ ցույց կտա ուրիշներին, եթե դա անեք խոնարհաբար ու առանց մարդկանցից գնահատանք սպասելու:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, երբ որ հրավիրվում էր մարդկանց տները ու սեղանների շուրջ նրանց պատմում Աստուծո արքայության մասին, տեսնում էր, որ կեղծավորություն ու ձեւականություն շատ կա մարդկային քեֆերի մեջ: Ու Տերը պատվիրան տվեց եւ հրավիրողներին, եւ հրավիրվածներին:

Հրավիրողներին ասաց, որ այնպիսի մարդկանց հրավիրեք ձեր տները, որ ոչ մի բանով չեն կարող ձեզ ոչ շնորհակալ լինել, ոչ էլ ձեր արածը վերադարձնել: «Կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին եւ երանելի կը լինես, որովհետեւ փոխարէնը քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Եւ դրա փոխարէն քեզ կը հատուցուի արդարների հարութեան օրը»։ (Ղկ 14:13-14)

Իսկ հրավիրվածներին ասաց, որ ամեն մարդու Աստված հրավիրում է Իր ընթրիքին մասնակցելու եւ այդ հրավերն ուղարկում է ամենապատվավոր ու պաշտոնական ձեւով՝ անձամբ Իր Որդու միջոցով: Բայց շատ հաճախ մարդիկ լուրջ պատճառներ են բերում այդ հրավերը մերժելու: Մեկը ժամանակ չունի, մյուսը բիզնես է սկսել, մեկն էլ նոր է ամուսնացել ու զբաղված է: Եվ Տեր Հիսուսը սովորեցնում է, որ եթե դուք Աստուծո հրավերն ավելի բարձր չհամարեք, քան այս աշխարհի ծանրակշիռ պատճառները, ապա դուք չեք կարող արժանանալ Աստուծո ճաշկերույթին ներկա գտնվելուն, որովհետեւ դուք փոքրն ու ժամանակավորն ավելի գերադասեցիք, քան ամենամեծն ու հավիտյանը:

Ամեն սեղանի շուրջ երկու տեսակի մարդիկ կան՝ հրավիրողներ ու հրավիրվածներ: Տեր Հիսուսը հրավիրողներին ասում է, որ եթե դուք ձեր բարի գործերի համար փնտրեք մարդկային գնահատական, ապա դուք կկորցնեք երկնային պարգեւը: Իսկ հրավիրվածներին ասում է, եթե հաճույքների նկատմամբ մոլուցքը խանգարում է քեզ կանգնել հոգեւոր հերոսության ճանապարհին, ապա դու կզրկվես երկնային ուրախությունից:

Ամեն մի օրը նոր առիթ է այս խոսքերն իրականացնելու եւ հոգեւոր հերոսություն կատարելու, Աստուծո կողմից երանելի կոչվելու եւ երկնային պարգեւի արժանանալու համար:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

Քննարկումների համար գրել Ֆեյսբուքի իմ էջին

«Առավոտ» օրաթերթ
08.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031