Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուս-թուրքական «հրաձգությունն» ու Ղարաբաղյան խոցելի կարգավորումը

Դեկտեմբեր 09,2015 15:00

Սարգսյան-Ալիեւ հանդիպումից առաջ տարածաշրջանային
նոր իրավիճակ ԼՂ հակամարտության գործընթացում

Անցյալ շաբաթ Լեռնային Ղարաբաղի սահմաններում արձանագրված դիվերսիոն փորձի մասին հաղորդեցին, որի հետեւանքով հայկական կողմը մեկ զոհ ունեցավ։ Սահմանում վերջին օրերի լարվածությունը հաջորդեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարեւոր մի հայտարարությանը:

ԵԱՀԿ արտգործնախարարների տարեկան համաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը, հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդության իրենց միացյալ հանձնառությունը։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշեցին նրանք: Անդրադառնալով վերջին շրջանի լարվածությանը՝ Քերին, Լավրովը եւ Դեզիրը կողմերին կոչ են անում հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությանը եւ վերացնել որեւէ թյուրըմբռնում, թե լրջորեն չեն տրամադրված՝ հասնելու բանակցային կարգավորմանը: «Կողմերը պետք է շարունակեն քննարկումները Սոչիի, Ուելսի եւ 2014-ին Փարիզում կայացած բարձր մակարդակի հանդիպումներում քննարկված համապարփակ հանգուցալուծման տարրերի շուրջ եւ 2016-ին պետք է ակտիվացնեն իրենց երկխոսությունը քննարկվող առաջարկների հենքի վրա»,- նշեցին նրանք։

Շփման գծում եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին հրադադարի խախտումների պատճառով առաջացած լարվածությանը անդրադառնալով՝ նրանք ամրագրեցին. «Մենք հատկապես դատապարտում ենք ականանետերի եւ այլ ծանր զենքերի կիրառումը եւ խորը ափսոսանք ենք հայտնում քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ, որ տեղի է ունեցել այդ զենքերի օգտագործման պատճառով»: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ արդարացում չկա անմեղ մարդկանց մահերի ու վիրավորվելու համար: Մենք կողմերին կոչ ենք անում հնարավոր սեղմ ժամկետներում նվազեցնել լարվածությունը եւ խնայել մարդկանց կյանքը: Համանախագահները առաջարկներ են ներկայացրել ռիսկերը նվազեցնելու համար, եւ կողմերին կոչ ենք անում ընդունել դրանք՝ ներառյալ ԵԱՀԿ-ի հետաքննությունների մեխանիզմները»:

Նրանք կարեւորել էին երկու հարեւան ժողովուրդների միջեւ վստահություն կառուցելու երկխոսության անհրաժեշտությունը: Այնուհետեւ Քերին, Լավրովն ու Դեզիրը անդրադարձել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեին հնչած քննադատություններին՝ նշելով. «Մենք ընդգծում ենք, որ Մինսկի խումբը մնում է միակ ձեւաչափը, որն ընդունում են կողմերը, եւ որը վայելում է ԵԱՀԿ մասնակից երկրների ամբողջական վստահությունը: Բանակցային գործընթացի ձախողումների մեջ համանախագահներին մեղադրելու փորձերը միայն թաքցնում են հիմնական խոչընդոտը՝ բանակցային կարգավորմանը հասնելու համար Հայաստանում եւ Ադրբեջանում քաղաքական կամքի պակասը: Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատել կողմերի հետ՝ հասնելու մեր ընդհանուր նպատակին՝ տեւական խաղաղությանը»:

ԱՄՆ պետքարտուղարի, ՌԴ արտգործնախարարի եւ Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարարի հայտարարության դիվանագիտորեն թաքնված, սակայն բավական հստակ ուղերձների հասցեատերը Ադրբեջանն էր, եւ ճիշտ են պաշտոնական Երեւանի այն գնահատականները, որ հենց այս հայտարարության հետեւանքով Ադրբեջանը դիմեց սահմաններում նոր լարվածություն ստեղծելու իր ավանդական մեթոդին: Բացի այդ, դեկտեմբերին կազմակերպվելու է Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը, իսկ սա նշանակում է, որ Բաքուն «անելիք» ունի՝ ցանկացած բանակցային գործընթացից առաջ սրելու իրավիճակը շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին:

Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների համաժողովի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները նաեւ առանձին-առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ, որի ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու հարցերին։ Միջնորդները ձգտում են, որպեսզի Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կայանա մինչեւ տարեվերջ, բայց կոնկրետ ժամկետների ու վայրի մասին առայժմ պաշտոնական լուրեր չկան։ Ջոն Քերին ասել է, թե Մոլդովայի, Վրաստանի, հայ-ադրբեջանական սառեցված հակամարտությունները դեռեւս կարգավորված չեն, ու նշել է, որ դրանք կարգավորելու համար անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ-ն վճռականություն ցուցաբերի:

ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեռ Անդրիոյի, Ջեյմս Ուորլիքի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերին։ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։
Բելգրադում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը պնդել է, որ վերջին օրերի լարվածությունը Բաքվի պատասխանն էր Մինսկի խմբին. «Միջնորդները ասում են, որ կողմերը պետք է փարատեն այն տպավորությունը, որ լուրջ չեն վերաբերվում միայն բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորման հանձնառությանը: Պարզ է, թե ում է ուղղված այդ կոչը: Իսկ ո՞վ է սպառնում ուժ կիրառել, ո՞վ է սպառնում պատերազմ սկսել: Հայաստա՞նը. երբեւէ: Դուք մամուլն եք ներկայացնում, գիտեք, որ այդպիսի բան չի եղել: Հակառակ կողմն է անում այդ ամենը»,- ասել է Նալբանդյանը։ «Եռանախագահները իրենց հայտարարության մեջ խստիվ դատապարտում են ծանր հրետանու կիրառումը: Ո՞վ է օգտագործում ծանր հրետանի: Պարզ չէ՞: Ասվում էր, չէ՞, որ ադրբեջանական կողմն է վերջերս սկսել կիրառել ծանր հրետանի, ուրեմն դատապարտում են Ադրբեջանի կողմից ծանր հրետանու կիրառումը: Եվ վերջապես՝ համանախագահները եւս մեկ անգամ դժգոհություն են հայտնում այն սուր քննադատությունների կապակցությամբ, որոնք ուղղվում են եռանախագահների հասցեին: Ո՞ւմ կողմից: Հայաստանը երբեւէ քննադատե՞լ է: Ես երեկ լիագումար նիստին իմ ելույթում էլ ասացի, որ Հայաստանը երբեք չի քննադատել եռանախագահներին։ Համանախագահները նաեւ ասում են, որ բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության պատասխանատվությունը եռանախագահների վրա դնելու փորձերը փորձ է՝ կոծկելու քաղաքական կամքի բացակայությունը: Ո՞ւմ. Ադրբեջանի: Այսինքն՝ ամեն ինչ ակնհայտ է»,- ասել է Նալբանդյանը՝ հույս հայտնելով, որ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը կարեւոր նշանակություն կունենա բանակցային գործընթացն առաջ շարժելու տեսանկյունից։

«Այն, որ դիվերսիան երեկ եղավ, ես, մեկ փակագիծ էլ բացելով՝ ասեմ, որ եռանախագահների հետ հանդիպման ժամանակ նշեցի՝ ԵԱՀԿ արտգործնախարարների յուրաքանչյուր հանդիպումից առաջ ադրբեջանցիները նվազեցնում են լարվածությունը, ինչը միշտ արել են յուրաքանչյուր դեկտեմբեր ամսին, ԵԱՀԿ արտգործնախարարների յուրաքանչյուր խորհրդից առաջ: Եվ երբ հայտարարությունը ընդունվում է, անմիջապես հետեւում է լարվածության աճ, ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից նոր սադրանքների: Եռանախագահները կոչ են անում զերծ մնալ ուժի կիրառումից, խաղաղ ճանապարհով կարգավորել։ Սա էլ Բաքվի պատասխանն է: Այսօր, օգտվելով առիթից, որ մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպում եմ, կարող եմ ասել, որ՝ այո, Հայաստանը եւս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունը՝ բանակցությունների միջոցով, միայն խաղաղ ճանապարհով, ինչպես եւ կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, միջազգային հանրությունը, գնալ հիմնախնդրի կարգավորմանը»,- նշել էր Նալբանդյանը։
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին նոր լարվածությունը մի կողմից պայմանավորված լինելով բանակցային գործընթացում ակտիվությամբ եւ միջնորդների ջանքերով` Սարգսյան-Ալիեւ նոր հանդիպում կազմակերպելու ձգտմամբ, մյուս կողմից, այնուամենայնիվ, տեղի է ունենում տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակում` Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում լուրջ լարվածության առկայության պայմաններում եւ Թուրքիայի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ դրսեւորած նոր ձգտումների ֆոնին:

Թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան միմյանց դեմ որոշակի քայլեր են իրականացնում, որոնք քաղաքական, դիվանագիտական, տնտեսական «հրաձգությունից» բացի՝ կարող են կոնկրետ ազդեցություն ունենալ նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման վրա՝ այդպիսով Ղարաբաղյան հակամարտությունը դարձնելով էլ ավելի զգայուն ու խոցելի խնդիր` առանց այդ էլ վերջին տարիներին բանակցային գործընթացի փակուղային իրավիճակի, Ադրբեջանի իշխանությունների կողմից որդեգրած արգելակող կեցվածքի եւ գրեթե պատերազմ հրահրելու մարտավարության պայմաններում: Պատահական չէ, որ այս օրերին բավական հաճախ են հնչում կարծիքներ, թե Ադրբեջանի կողմից սահմանում վերջին օրերի լարվածությունը կարող էր տեղի ունենալ Թուրքիայի «միջնորդությամբ»:

Ամփոփումը` «Առավոտ»-ի այսօրվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031