«Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյանը 5/01 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու դիմում էր ներկայացրել: Այսօր մասնակցել է վերահաշվարկի ու հենց սկզբում արձանագրել՝ պարկերը վնասված են:
«Պարկը բացելուց առաջ նկատեցի, որ պարկը վնասված է, ցույց տվեցի՝ ներքեւի հատվածում ճեղք կար, ընդհանուր պարկն էլ էր վնասված: Բայց ոչ մի արձագանք: Վնասված էր նաեւ «այո-ի պարկը, որի մեջ վստահ եմ, որ ոչ քվեարկված երկու հարյուր քվեաթերթիկ դրվել է: Բայց վերահաշվարկից հետո արձանագրեցին, որ ոչ մի խախտում էլ չկա ու ինչքան այո-ի ձայն կա, այդքան էլ պարկում է: Վստահ եմ, որ իմ գնալուց հետո պարկերը պատռել ու մեջը համապատասխան փոփոխություններ են արել: Բայց թե որ պահին են արել՝ ընտրատարածքում, տեղամասում, թե ճանապարհին, արդեն չգիտեմ»,- ասաց Հրայր Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Հրայր Մանուկյանին հանրաքվեի օրը ծեծի են ենթարկել ընտրախախտումներ բացահայտելու համար:
Թեեւ Հրայր Մանուկյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, թե տեղյակ չէ՝ քրեական գործ իրեն ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է, թե ոչ, բայց ինչպես տեղեկացանք դատախազությունից, քրեական գործ է հարուցվել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ Հրայր Մանուկյանի ներկայացրած դիմումի հիման վրա:
Կարդացեք նաև
Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ