Դեկտեմբերի վեցին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, 5/1 տեղամասում ծեծի ենթարկված «Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյանը ոստիկանության որոշմամբ, ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության:
Ընտրախախտումներ բացահայտելու համար բռնությունների ենթարկված Հրայր Մանուկյանի մոտ հայտնաբերվել են քթի շրջանում ճաքեր:
Հիշեցնենք, որ նրան ընտրախախտումներ բացահայտելու համար ծեծել էին, ձեռքից վերցրել հեռախոսը և մեկուսացրել:
Հրայր Մանուկյանի խոսքով, ինքը ճանաչում է հարվածողին, հիսունի մոտ տղամարդ էր. «Կարծեմ ՀՀԿ վստահված անձն էր: Երեքից չորս երիտասարդ քաշքշում էին, երկու հոգի էլ հարձակվեցին վրաս, ես գիտեմ, ով էր հարվածողը, որ քթիցս արյուն եկավ. հիսունի մոտ տղամարդ էր, նախաքննության մարմիններին էլ եմ ասել այդ ամենը»:
Կարդացեք նաև
Հրայր Մանուկյանը իրեն ծեծի ենթարկելու դեպքով այլ մանրամասներ չգիտի, ասաց՝ տեղյակ չէ, թե քրեական գործ հարուցվել է, թե՝ ոչ:
Նշենք, որ այսօր ՀՀ դատախազությունը տարածել է հաղորդագրություն, որն ամբողջությամբ ներկայացնում ենք. «Ժառանգություն» կուսակցության անդամ Հրայր Մանուկյանի կողմից ներկայացված՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ դիմումի հիման վրա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ