«Երբ ասում են՝ Մահաթմա Գանդիի քաղաքականությունը հակաբռնության քաղաքականություն էր, միշտ մոռանում են շեշտել, որ դա նաև «չհամաձայնելու» քաղաքականություն էր:
Հայաստանում պայքարի տարբեր որակներ են արծարծվում: Մարդիկ մտածում են՝ ինչ ուղղությամբ գնալ: Իմ կարծիքով, ամենաճիշտ ճանապարհը կիրթ և բանիմաց, «չհամաձայնողականության» քաղաքականությունն է, որովհետև Հայաստանի քաղաքական շատ իրողություններ բխում են նրանից, որ մենք լուռ համաձայնություն ենք տալիս մեր շուրջը կատարվողին: Մինչդեռ, նույն ձևով՝ կիրթ, լուռ և խաղաղ, կարող ենք չհամաձայնել խաղի այդ կանոններին: Եթե մտնում ենք, օրինակ, կաշառքների դաշտ, կարող ենք ուղղակի չհամաձայնել ու չվերցնել կամ չտալ այդ կաշառքը: Ոչ բռնության քաղաքականություն բնավ չի նշանակում չարիքի հետ հաշտվելու քաղաքականություն: Բռնության բացակայության քաղաքականություն նշանակում է չարիքից բարձր լինել և դրանով հաղթել չարին»,- Aravot.am-ի հետ զրույցում այսօր այսպիսի տեսակետ արտահայտեց «Մակսեդան» օտար լեզուների դպրոցի տնօրեն, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:
«Մակսեդան» դպրոցի մի քանի աշակերտներ Մահաթմա Գանդիի փիլիսոփայությանը նվիրված զեկույցներ էին պատրաստել, որոնք այսօր ներկայացրին «Մեդիա կենտրոն»-ում:
Նրանք Aravot.am-ի հետ զրույցում նշեցին, որ իրենց նյութերը պատրաստելիս բավականին շատ են ազդվել Մ. Գանդիի մտքերից ու գաղափարներից: Օրինակ՝ Հայկուհի Գևորգյանի վրա մեծ ազդեցություն է թողել Գանդիի «Եղիր այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել աշխարհում» ասույթը. «Այն կարդալուց հետո ես հստակ պատկերացրի, թե հետագայում ինչպես եմ ապրելու»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Հայկ Հունանյանին գրավել է այն, թե ինչպես է կարողացել հասարակ մարդը արդար ու խաղաղ կերպով ազատություն պարգևել իր ժողովրդին:
Ըստ Հայկի՝ այն մարդիկ, որոնք այսօր հայ իրականության մեջ փորձում են ինչ-որ բան անել երկրի համար, շատ տաքարյուն են ու միանգամից բռնկվող. «Չկա այնպիսի մի հեղափոխություն, որին դեմ չկանգնեն հակառակորդ ուժեր, բայց Գանդին կարողացել է կրքերին չտրվել և սառը գլխով դատելով՝ հասնել իր նպատակներին: Իսկ եթե տրվեր կրքերին, բորբոքվեր, արյուն կթափվեր, ամեն ինչ ավելի կբարդացներ, ինչը գուցե չտար ցանկալի արդյունքը»,- նշեց Հայկը:
Զարուհի Կևորկովան ասաց՝ միշտ հավատացել է, որ խաղաղությունը, սերն ու բարին են փրկում աշխարհը, իսկ Գանդիի կյանքն ու փիլիսոփայությունը ուսումնասիրելուց հետո էլ ավելի է ամրապնդվել այդ հավատը:
Զարուհին իր զեկույցում անդրադարձել էր Լև Տոլստոյի և Գանդիի գաղափարների ընդհանրությանը. «Նրանք ապրում էին երկու լրիվ տարբեր երկրներում: Բայց իրենց գաղափարներով, մտքերով շատ մոտ էին իրար: Տոլստոյը լիովին կիսում էր Գանդիի գաղափարները: Նա նույնպես համարում էր, որ առանց դաժանությունների, խաղաղ կերպով կարելի է հասնել ամեն ինչի: Նրանք նույնիսկ նամակներ են գրել իրար: Դժբախտաբար, Գանդիի երկրորդ նամակը Տոլստոյն ստացավ, կարդաց, բայց չհասցրեց պատասխանել, որովհետև մահացավ: Գանդին ասում է, որ Տոլստոյը ոչ միայն նոր մտքեր ու գաղափարներ է տվել իրեն, այլև ամրացրել է իր հավատը, որ բարին և սերը կարող են հաղթել չարին»,- նշեց Զարուհին:
Էլլա Միքայելյանն անդրադարձել էր Մահաթմա Գանդիի և նրա դստեր՝ Ինդիրա Գանդիի քաղաքականությունների տարբերությանը. «Եթե հայրն ամեն ինչի փորձում էր հասնել խաղաղությամբ, ապա աղջիկը՝ հակառակը. ամեն ինչ անում էր դիկտատուրայի միջոցով»:
Էլլայի դիտարկմամբ՝ Ինդիրա Գանդիի նման գործիչների այսօր կարելի է հանդիպել, իսկ ահա Մահաթմա Գանդիի նման գործիչների գտնելը գրեթե անհնար է. «Համարյա բոլորն ինչ-որ բանի հասնում են պաշտոնի և ուժի միջոցով: Շատ քչերն են փորձում խաղաղ ճանապարհով հասնել որևէ բանի»,- ասաց նա:
«Գանդիի նման գործիչներ չկան այսօր,- հավելեց «Մակսեդան»-ի մեկ այլ սան՝ Ալիսա Շարաֆյանը.- եթե Գանդիի նման մարդիկ լինեին այսօր, հաջորդ օրը նրանց կսպանեին, որովհետև նրանց նման գործիչներին տեղ չեն տալիս»:
Դառնալով Գանդիի փիլիսոփայությանը՝ Ալիսա Շարաֆյանն ասաց, որ այն բավականին խորն է նստած մեր երիտասարդ ակտիվիստների մեջ, «որոնք առանց ծեծուջարդի, առանց բռնության պայքարում էին Մաշտոցի պուրակի ու Թեղուտի համար, պայքարում էին տրանսպորտի ու էլեկտրաէներգիայի թանկացման դեմ»:
Գանդիի գաղափարներով շատերն են ներշնչվել:
Մարիամ Նազարյանն իր զեկույցում առանձնացրել էր մի քանիսին՝ Մարտին Լյութեր Քինգ, Նելսոն Մանդելա, Սթիվ Ջոբս և ուրիշներ. «ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Բարաք Օբաման նույնպես շատ ներշնչված է Գանդիով: Վերջինիս դիմանկարը նախագահի աշխատասենյակի պատից կախված է: Մի անգամ նրան հարցրել են, թե ում հետ կուզենար ընթրել, նա պատասխանել է՝ Գանդիի»,- ասաց Մարիամը:
Նա նույնպես կարծում է, որ Գանդիի նման մարդիկ մեր օրերում չկան. «Մարդիկ հիմա ձգտում են իրենց մակարդակը բարձրացնել լրիվ ուրիշ բաների համար: Եվ հիմնական գաղափարն աշխարհը փոխելը, այն ավելի լավը դարձնելը չէ: Հիմա մարդկանց մեծ մասը մտածում է ոչ թե բոլորի, այլ միայն իր լավ լինելու մասին: Մինչդեռ, եթե յուրաքանչյուրը մտածի, որ կարող է ոչ միայն իր, այլև հասարակության համար ապրել, ինչ-որ օգուտ բերել նրան, այդ ժամանակ ամեն ինչ կստացվի, պատերազմներ ու ահաբեկչություններ էլ չեն լինի, բոլորը կմտածեն խաղաղ երկրի մասին, և, միգուցե, մենք մի օր հասնենք այդ խաղաղ երկրին»,- ասաց մեր զրուցակիցը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ