«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը այսօր 4-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում վերահաշվարկի ժամանակ արձանագրել է փաստաթղթի կեղծում ՀՀԿ-ի կողմից:
Դանիել Իոաննիսյանի խոսքով, բացի «Ժառանգությունից» ու ՀԱԿ-ից 4 –րդ ընտրատարածքում վերահաշվարկ կատարելու բազմաթիվ դիմումներ է ներկայացրել նաեւ ՀՀԿ-ն, ու հանձնաժողովը վիճակահանության միջոցով է որոշելու, թե ինչ հերթականությամբ բացի տեղամասերը. «Բնականաբար արդյունքում ՀՀԿ-ի տեղամասերին են առաջ ընկել: Ժառանգության եւ ՀԱԿ-ի նշած տեղամասերը շատ հավանական է, որ չեն էլ բացի: Ու ամենազավեշտալին այն է, որ ՀՀԿ-ն հետին թվով է ընտրատարածքային հանձնաժողովում փոխել արձանագրությունները, հատուկ կարծիք են գրել, այն դեպքում, երբ պարկերի մեջ գտնվող արձանագրություններում հատուկ կարծիք չի եղել: ՀՀԿ-ականները կատարել են փաստաթղթի կեղծում: Խոսքը մոտ տասը տեղամասի քվեարկության արձանագրությունների կեղծիքի մասին է: Հատուկ կարծիքը հայտնվել է հետին թվով, որ կարողանան դիմել վերահաշվարկի»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ