«Մենք կարողացանք ճանաչել եվրոպական չափանիշները, որոնք առաջընթաց են ապահովում: Մեր աշխատակիցների հետ հստակեցնելով կրթական կառավարման գործընթացը՝ հասանք նման արդյունքի: Սա տեղի ունեցավ նաեւ շնորհիվ եվրոպական բուհերի հետ գործակցության»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը:
Հիշեցնենք, որ բուհն այսօր ստացել է միջազգային հավաստագրման վկայական, ինչը ենթադրում է, որ ՃՇՀԱՀ-ի դիպլոմը ճանաչվում է նաեւ Եվրոպայում: Ռեկտորը տեղեկացրեց, որ բուհը գործակցում է ֆրանսիական, գերմանական, ռուսական, լեհական եւ իտալական համալսարանների հետ. «Նրանցից ընդօրինակել ենք կազմակերպչական հմտություններ: Որոշակի նուրբ հարցեր կան, որոնք բարձրացնում են բուհի մատուցած կրթության որակը»:
Aravot.am-ը ռեկտորից հետաքրքրվեց, թե մասնավորապես ինչ քայլեր է ձեռնարկում բուհը՝ կրթության որակի բարելավման ուղղությամբ. «Ստեղծվում է մի համակարգ, որը ձեւավորում է կրթության որակը: Դա սկսվում է կադրերից, ուսանողական ծրագրերից, կրթության ապահովման ձեւերից: Որպես հիմք ընդունում ենք շուկայի պահանջը, որպեսզի պարզ լինի՝ նորավարտ ուսանողից ինչ է պահանջվում իմանալ: Աշխատում ենք տարեցտարի զարգացող տեխնոլոգիաները ժամանակին կիրառել, որպեսզի շրջանավարտը մրցունակ լինի աշխատանքային շուկայի համար»:
Գագիկ Գալստյանը փաստեց, որ նշյալ քաղաքականության շնորհիվ շրջանավարտները կարողանում են աշխատանք գտնել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ