Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել էր իրավապահներին, որպեսզի փաստաթղթերի կեղծման դեպքով գործ հարուցվի, քանի որ 4/04 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը պնդում էր, որ հատուկ կարծիք չի եղել, սակայն վերահաշվարկ է կատարվել եւ պարզվել, որ այնուամենայնիվ, հատուկ կարծիք կա:
Aravot.am-ի եւ Azatutyun.am-ի հետ զրույցում 4/04 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ անդամ Արման Երանոսյանն ասաց, որ իրեն կանչել են ընտրատեղամաս՝ պատճառաբանելով, որ ընտրատարածքի վրա բողոք կա, բողոքի հիմքը հանդիսանում է հատուկ կարծիքը. «Իրականում, ես երբ քարտուղարի հետ փաստաթղթերը ներկայացրել եմ տեղամաս՝ հատուկ կարծիք գրված չի եղել, հետո քարտուղարը, որն իմ հետ եղել է, այսօր ինչ-որ անհեթեթ պատճառաբանություն է բերում, թե հենց այստեղ է լրացրել այդ հատուկ կարծիք բառը: Հետո ընտրատարածքային հանձնաժողովը որոշեց, որ պետք է բացել պարկը, ու պարկում առկա արձանագրության վրա այդ հատուկ կարծիք եզրույթը չկար, ինչը մի քիչ անհասկանալի եւ շատ տարօրինակ է թվում ինձ»:
Արման Երանոսյանն ընդգծեց, որ այդ օրը հանձնաժողովի քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Արթուր Ալեքսանյանի հետ է տուն գնացել եւ իր համար զարմանալի է հատուկ կարծիքի առկայության մասին լուրը. «Կան նաեւ արձանագրություններ, որոնք ուղղված են եղել բոլոր կուսակցություններին, ես այդքան հետեւողական եղել եմ, այդտեղ քարտուղարը իր ստորագրությունն է դրել բոլոր այն փաստաթղթերի տակ, որտեղ գրված է եղել՝ հատուկ կարծիք՝ 0՝ ոչ միայն թվով, այլ նաեւ տառերով: Հետո, արձանագրության օրինակը, որը դրված էր պարկի մեջ, այնտեղ եւս հատուկ կարծիք եզրույթը չկար, մնացածը՝ թե ում խղճի վրա է, ինչ է, գոնե ես տեղյակ չեմ եղել, որ հատուկ կարծիք եղել է»:
Լրատվամիջոցների հետ զրույցում ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Անդրանիկ Մելիքյանն ասաց, որ դեռ հետաքննությունն է ընթանում, իսկ գործի մանրամասները ոստիկանության լրատվության ծառայությունը կհայտնի:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ