Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան. «Նոր սահմանադրությունը դիակի անձնագիր է»

Դեկտեմբեր 08,2015 18:14

«Նոր սահմանադրություն կոչվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ սատկած համակարգի դիակի անձնագիր». «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանն այսպես բնորոշեց դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված սահմանադրությունը Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսին: Որոշ հստակեցումներ կատարվեցին «Նոր Հայաստանի» ծրագրերի վերաբերյալ: Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ «Նոր Հայաստանը» նոր ընդդիմություն է և նոր քաղաքական ուժ ու նոր խոսք է ասելու:

Դառնալով վերջին «դրամատիկ» զարգացումներին՝ պարոն Հովհաննիսյանն ասաց. «Մեր ժողովուրդը ենթարկվեց կազմակերպված բռնության: Բռնություն գործադրեցին նրա կամարտահայտության դեմ»: Պարոն Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց, թե հանրաքվեի օրը իրենց անհնազանդության գործողություններին օնլայն հետևում էին հարյուր հազարավոր քաղաքացիներ, մինչդեռ քչերն էին իրենց միացել փողոցում: Այս առիթով նա ասաց. «Եթե նրանց գոնե տասը տոկոսը միանար այն առաջամարտիկներին, որոնք այդ ցուրտ գիշեր հավաքվել էին ԿԸՀ-ի առաջ, ես գլխարկս առաջ գցած կկարողանայի ճեղքել ոստիկանական պատնեշը: Բայց մեր թիկունքում ամենահամառ, բայց թվով ոչ բավարար քաղաքացիների խումբ էր: Սա է մեր խնդիրը»: Հմայակ Հովհաննիսյանն առաջարկում է ընդունել «Նոր Հայաստանի» սահմանադրություն, ինչը կհակադրեն «սահմանադրական չարեփոխումներին»:

«Նոր Հայաստանի» քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը նշեց, որ ՀՀ-ն հայտնվել է աշխարհաքաղաքական նոր իրավիճակում, որից պետք է օգտվել. օրինակ՝ այն, որ Իրանի մասով պատժամիջոցներն այլևս չկան, ու առաջին անգամ ՀՀ-ն նախադուռ է դառնում դեպի Իրան, ինչի արդյունքում ՀՀ-ի դերակատարությունն է մեծանում: Պարոն Չուգասզյանը մյուս գործոնը, որը ՀՀ-ին դարձնում է կարևոր դերակատար, համարում է ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը:

Ամփոփելով նա նշեց. «Ուժեղ Հայաստանի՝ միջազգային լուրջ պահանջարկ է առաջացել»:

«Նոր Հայաստանի» քաղաքական խորհրդի անդամ Պետրոս Մակեյանը կարծիք հայտնեց, թե «Նոր Հայաստանի» սահմանադրությունը քննարկելուց առաջ նախ պետք է «սրանց հարցերը» լուծել. «Երեկ Սերժ Սարգսյանը պալատական ժողովի էր կանչել իր հպատակներին: Բայց ասելիքի հասցեատերը ոչ թե ժողովուրդն էր, քանի որ նա ժողովրդի հետ կապ չունի, ինչը ընտրությունից ընտրություն ավելի մեծ տոկոսով է ապացուցվում, այլ ուղղված էր դրսին»: Պարոն Մակեյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը ժամանակին խոսում էր պատը քանդելու մասին, մինչդեռ պատ կառուցողը, երկիրը ճակատների բաժանողն ինքն է: Ստեղծված իրավիճակում Պետրոս Մակեյանը համարում է, որ առաքին քայլը, որ պետք է կատարվի արտահերթ ընտրություններ անցկացնելն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031