Կարեն Ավագյանն իր ելույթի սկզբում դիմեց Զարուհի Փոստանջյանին. «Որպես բժիշկ՝ խորհուրդ եմ տալիս Զարուհի Փոստանջյանին հետազոտվել. 21-րդ դարում շատ քիչ են չբուժվող հիվանդությունները։ Չեմ կասկածում, որ տիկին Զարուհուն ավելի կոպիտ պատասխաններ կարող են հնչել, սակայն այս պահին հեռու կմնանք դրանից»։
Այնուհետև Կարեն Ավագյանը շարունակեց իր ելույթը.
Այն, ինչ տեղի ունեցավ այս օրերին՝ սահմանադրական փոփոխությունների շուրջ զարգացումները, հանրաքվեի արդյունքները, օրինաչափ էր։ Օրինաչափ այն առումով, որ արտացոլում է օբյեկտիվ իրականությունը՝ թե՜ հանրության տրամադրությունների, թե՜ այս երկու տարիների ընթացքում տարված աշխատանքի առումով։
Հանրաքվեի ամբողջ ընթացքում պրոֆեսիոնալիզմով ու կազմակերպվածությամբ աչքի ընկավ ոստիկանությունը, որն ապահովեց անվտանգությունը տեղամասերում, ձայների հաշվարկման ընթացքում՝ միաժամանակ ծառայություն իրականացնելով հանրահավաքային կետերում։ Նաև ոստիկանության ծառայողների շնորհիվ է, որ գործընթացներն ունեցան հարթ ընթացք ու հաջող ավարտ, չնայած քիչ չէին լարված իրավիճակները, սադրանքները և մարդկանց հունից հանելու փորձերը։
Կարդացեք նաև
Նոր սահմանադրությունը նոր մեկնարկ է. այն սահմանում է կառավարման խորհրդարանական համակարգ, որն ապահովում է կայուն զարգացում։ Մենք այլևս այլ քաղաքական մշակույթում ենք, որը ենթադրում է կայացած, գաղափարական քաղաքական ուժեր, ամուր ու զարգացած կուսակցական համակարգ։ Թե չէ Հայաստանը կուսակցությունների թվով համաշխարհային առաջատարն է։ Նոր փաստաթղթով վերանում է «հաղթողին ամեն ինչ» սկզբունքը, իշխանության գերկենտրոնացումը։
Այս սահմանադրությունը ապագային միտված փաստաթուղթ է։ Այն առաջին հերթին երիտասարդներին է։ Եվ այս փոփոխությունները միտված են հենց նրանց արդյունավետ պետություն թողնելու հեռանկարին։
Այս փոփոխություններով սահմանվում են համապատասխան գործիքներ, որոնք ավելի են հեշտացնում աշխատելն ու մարտահրավերներին դիմակայելը։ Առջևում կարևորագույն խնդիրներից մեկն է՝ օրենքների համապատասխանեցումը սահմանադրությանը։ Մենք պետք է կենտրոնացնենք մեր ուժերը՝ այս գործընթացին աջակցելու և արդյունավետորեն լուծելու համար։
Իսկ ինչ վերաբերում է գրանցված որոշ օրինախախտումներին, ապա դրանք իրավապահների ուշադրության կենտրոնում են։ Եվ եթե եղել են խախտման դեպքեր, ապա դրանք կարժանանան օրենքով սահմանված գնահատականների։