Aravot.am-ի հարցին, թե Սահմանադրական հանրաքվեի գործընթացն ու արդյունքները, որոնք մի քանի հեղինակավոր դիտորդական կազմակերպությունների` ԵԽԽՎ-ի, EPDE-ի կողմից բացասական գնահատականների արժանացան, ինչպե՞ս կանդրադառնան մեր երկրի հեղինակության վրա, առավել եւս, որ հիմա Հայաստանը ներդրողների կարիք ունի, «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանն ասաց, որ «Վաղուց ժամանակն է, որ դիտորդներին լուրջ չընդունենք»:
Նրա խոսքերով «թող Եվրոպան իր հիմնախնդիրներով տապակվի, ես արդեն նրանց նմանեցնում եմ Զանգի-զրանգիին եւ հայտնի ասացվածքին` շունը հաչի, քարավանը գնա, այսինքն` ոչ մի էական բան»:
Հայկ Կիրակոսյանի համոզմամբ, դրսի ներդրողները վաղուց ուշադրություն չեն դարձնում այդպիսի կառույցների գնահատականներին եւ որտեղ գրավչություն են տեսնում` ներդրումներ են անում: Հայաստանում մասնավորապես` բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ, ըստ Հայկ Կիրակոսյանի, դրսի ներդրողների համար ձեռնտու պայմաններ են. «Աշխատողներին այնտեղի համեմատ այստեղ բավականին համեստ են վարձատրում, ճիշտ է բարձր է համեմատության մեջ»:
Կարդացեք նաև
Իսկ այն ոլորտները`հանքարդյունաբերություն, կապ, էներգետիկա, ջուր, որոնցում դրսի գործարարները ցանկություն կհայտնեին ներդրումներ անել, ապա Հայկ Կիրակոսյանը կարծում է, որ այդ ոլորտները վաղուց արդեն իրենց սեփականատերերն ունեն:
Անդրադառնալով փոփոխված Սահմանադրության հետեւանքներին, Հայկ Կիրակոսյանն ասաց, որ այն իրեն հիշեցնում է «ռոկֆոր պանիրի ստանալու գործընթացը»:
«Ռոկֆոր պանիրը ստացել են պատահմամբ` թողնելով ոչ նպաստավոր պայմաններում, ինչի հետեւանքով բորբոսնել է: Սակայն հետո տեսել են, որ լավ բան ստացվեց: Հիմա մենք ունենք պանիրի բորբոսնելուց ռոկֆոր ստանալու նախադեպ, որովհետեւ այս անգամ աշխատել է փոս փորողն իր փորած փոսն է ընկնում սկզբունքը: Պարոն նախագահի գլխի տակ փափուկ բարձ են դնում եւ ավելի քան ակնհայտ է, որ իշխանական կուսակցության ներսում տարբեր ուժեր են խաղում: Հիմա չգիտեմ իշխանությունն է կուրացնում թե ագահությունը, բայց որ այս սլաքն ուղղված է հենց այս ռեֆորմն իրականացնող գլխավոր ուժերի դեմ, դա կարճ ժամանակում բոլորս կտեսնենք»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ