Վաշինգտոն – Այսօր, Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) hիշատակում է 27 տարի առաջ Հայաստանի ավերիչ երկրաշարժի հետևանքով խլված հազարավոր կորուսյալ կյանքերը և ավերված գյուղերը: Չնայած աղետից տարիներ են անցել, Հայաստանում դեռևս ընտանիքներ կան, որ կրում են երկրաշարժի ծանր հետևանքները: Համագումարը խնդրում է բոլոր հայերին կանգ առնել, խորհել և հիշել այդքան կյանքեր խլած ավերիչ երկրաշարժի զոհերին և ողջ մնացածներին, ինչպես նաև դրան հաջորդած նշանակալի մարդասիրական ջանքերը:
1988 թ. դեկտեմբերի 7-ին, Ռիխտերի սանդղակով 6.9 բալանոց հզոր երկրաշարժ տեղի ունեցավ Հայաստանի հյուսիսային շրջաններում. առանց նախազգուշացման՝ վնաս հասցնելով հարյուրավոր քաղաքների և գյուղերի: Առնվազն 25,000 մարդ զոհվեց և մոտավորապես 50,000 մարդ վիրավորվեց: Ըստ The Washington Post –ի 1988 թ. դեկտեմբերի 8-ի լրագրային նյութի ՝ Խորհրդային Միության մամլո խոսնակ Գենադի Գերասիմովը լրագրողներին ասել է, որ «կյանքի զգալի կորուստներ» կային, և որ մի ամբողջ գյուղ «գրեթե անհետացել էր երկրի երեսից»:
«Երբեմն մեզ թվում է, թե նույնիսկ երկինքն է մեր դեմ», – ասել է Լարիսա Մարգաչյանը՝ կին, ում երեխաները զոհվել էին, երբ փլուզվել էր Սպիտակի մանկապարտեզներից մեկը,- հայտնել է The Washington Post-ը 1988 թ. դեկտեմբերի 19-ին :
Սպիտակ քաղաքը, որ շաբաթներ առաջ Լեռնային Ղարաբաղից փախստականների մեծ ներհոսք էր ունեցել, երկրաշարժի էպիկենտրոնում էր և հայտում էին, որ «ամբողջովին ավերվել էր»: Արտասահմանցի փրկարարները հաշվարկել են, որ Սպիտակի 20,000 բնակչության մինչև 6 տոկոսն էր ողջ մնացել:
Կարդացեք նաև
«Ու՞ր պետք է գնանք»,- աչքերն արցունքով լցված հարցրել է Սպիտակից Կառլեն Միկոյանը,- հաղորդել է The Washington Post-ը 1988 թ. դեկտեմբերի 18-ին: «Ես ոչ գումար ունեմ, ոչ ուտելիք: Ես պարզապես կապրեմ այստեղ, այս ջարդված ավտոբուսի մեջ»:
Մեծապես տուժած այլ քաղաքների թվում էին նաև Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքը՝ Լենինականը (վերանվանվել է Գյումրի) և Կիրովականը (վերանվանվել է Վանաձոր): Երկրաշարժը ծանր վնաս է հասցրել դպրոցներին, մանկապարտեզներին, հիվանդանոցներին և շրջանի այլ կենսական կարևորության շինություններին: Գործարանները դադարել էին բնականոն արտադրությունը, որպեսզի ավելի շատ դագաղներ պատրաստեին, քանի որ մահացածների թիվը շարունակում էր ավելանալ: Շատ լրատվական գործակալություններ գրեցին երեխաների և երկրաշարժի հետևանքով նրանց կորցրած ընտանիքների սահմռկեցուցիչ պատմությունների մասին:
«Ամայակ Օգոսյանը դաշտում իր ոչխարներն ու կովերն արածեցնում, երբ զգաց, որ երկիրը ոտքերի տակ սահեց: Երեք րոպեի ընթացքում իր տան տանիքը փուլ եկավ, ինչի հետևանքով կինը զոհվեց: Տեղական դպրոցը փլուզվեց՝ սպանելով որդուն և դստերը», – գրել է The Washington Post-ը 1988 թ. դեկտեմբերի 18-ին: «Սառը լեռնային գիշերով Օգոսյանը կանգնած է քանդված դպրոցի մոտ և ասում է, որ դպրոցում եղած ավելի քան 500 երեխաներից և ուսուցիչներից միայն 20 կամ 25-ն են ողջ մնացել, ոչ ավելին: Կարծում եմ, նրանք (փրկվածները) բոլորը ութերորդ դասարանցիներ էին»:
1988 թվականը պատմական էր բազմաթիվ առումներով, իսկ դասերը դեռևս շարունակում են քաղել: Դրանցից և ոչ մեկը չի կարող համեմատվել այդքան կորուստներ կրած հայ ժողովրդին բաժին ընկած մարդկային արհավիրքների հետ: Յուրաքանչյուր հայ ամբողջ աշխարհում զգացել է նրանց ցավը և հիշում է, որտեղ է նա եղել այդ օրը և դրանից հետո: Ինչպես նախկինում, Ամերիկայի հայկական համագումարը շնորհակալություն է հայտնում բոլոր երկրներին, կազմակերպություններին և անհատներին, ովքեր այդ առթիվ ոտքի ելան՝ այդքան մեծահոգաբար օգնություն ցույց տալու: Եվս մեկ անգամ ցավակցություն ենք հայտնում նրանց, ովքեր իրենց սիրելի մարդկանց են կորցրել և այդքան դժվարություններ են հաղթահարել վերականգնման ընթացքում:
Ամերիկայի հայկական համագումար