ԱԺ-ում շարունակվում է 2016-ի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակի քննարկումը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր ելույթում սկսեց խոսել հանրաքվեի մասին՝ ասելով, որ գործող իշխանությունները, չնայած օգտագործեցին իրենց ողջ զինանոցը ընտրությունները կեղծելու համար, այնուամենայնիվ ստացան իրենց գնահատականը:
ԱԺ նիստը վարող փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ընդհատեց պատգամավորին՝ ասելով. «Դուք ոնց որ խառնել եք, սա պետական բյուջեի քննարկումն է»:
Ի պատասխան՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ դա երկրի վերաբերյալ ամենաքաղաքական փաստաթուղթն է ու ոչ մի բան էլ չի խառնել. «Խնդրում եմ մի ընդհատեք, լա՞վ, այլեւս չընդհատեք, դուք դրա իրավունքը չունեք»:
Հետո Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ միջազգային դիտորդների գնահատականներին. Սահմանադրական փոփոխությունների հիմնական մեխը՝ անցումը խորհրդարանական համակարգի, բազմաթիվ քաղաքացիների կողմից ընկալվել է որպես միջոց իշխանության մնալու նախագահի երկրորդ եւ վերջին ժամկետի ավարտից հետո: Ասվում է, որ տեղի են ունեցել համատարած ընտրակեղծիքներ: Հիմա այս համատարած ընտրակեղծիքների հետեւանքով այս իշխանություններին դեմ քվեարկած հասարակությունը չի համակերպվելու այս իրավիճակի հետ եւ այս բյուջեն, որը մեզ ներկայացվում է, մեր հանրության համար լինելու է լրացուցիչ ճգնաժամի պատճառ, ավելի քաղցած են մարդիկ լինելու, ավելի է խորանալու արտագաղթը: Ըստ տիկին Փոստանջյանի, պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ կես մլն մարդ եկավ ընտրատեղամաս եւ գաղտնի քվեարկությամբ ասաց իր ոչ-ը, հիմա չպետք է սպասել, պետք է դուրս գալ հրապարակ:
Հետո Զարուհի Փոստանջյանը դիմեց Սերժ Սարգսյանին. «Հասկանալի է, որ դուք հիմա խուճապի մեջ եք, հասկանալի է, որ քաղաքական կոնսենսուս ՀՀ-ում չկա, քաղաքացիները ձեզ այլեւս չեն վստահում, բայց պետք չի դա անընդհատ նշել եւ ավելի վատթարացնել ձեր վիճակը»:
Նա կոչ արեց քաղաքացիներին հրաժարվել կարմիր գծերի, արագաչափերի տուգանքները վճարելուց, քանի որ այդ ամենը մտնում է Սերժ Սարգսյանի գրպանը. «Սերժ Սարգսյանի այդ տուգանքներն էլ անարդար են, եթե դուք ստանում եք 50 հազար դրամ, տուգանքները չեն կարող կազմել 500 հազար»:
Հերմինե Նաղդալյանը ողջ ելույթի ընթացքում այլեւս չընդհատեց Փոստանջյանին, իսկ ելույթից հետո արձագանքեց. «Սերժ Սարգսյանի անունը շուտ-շուտ տալով՝ մարդիկ լուծում են իրենց պոպուլյարությունը բարձրացնելու խնդիրը»:
Նա նշեց, որ այդ հայտարարությունը հանրաքվեի հետ կապված ոչ թե ԵԽ-ի անունից է հնչել, այլ՝ ԵԽԽՎ-ի 3 անդամների ներկայության անունից. «Ես կարծում եմ, որ խուճապի մեջ են նրանք, ովքեր անընդհատ իրար կոչ են անում չհուսախաբվել: Իշխանությունը նման խնդիր չունի: Ժողովուրդ ջան, էս կոչերին որ լսեք, հաստատ ավելի մեծ տուգանքների ու տոկոսների տակ կընկնեք, դա լավ խորհուրդ չէ իրականում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ