Դեկտեմբերի 5-ին Բաթումում տեղի ունեցավ Ալեքսանդր Մանթաշյանի անվ. Հայ Մշակույթի տան հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը:
Արարողությանը մասնակցեցին նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, ինչպես նաև Երևանից ժամանած Կենտրոնի վերաշինությանը մեծ նպաստ բերած «Վարդան Ջիմիշյան» հիմնադրամի ներկայացուցիչներ, բազմաթիվ բաթումահայեր, Բաթումի քաղաքապետարանի, հայկական և վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Իր ողջույնի խոսքում, Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը, շնորհավորելով ներկաներին Մշակույթի կենտրոնի բացման կապակցությամբ, հույս հայտնեց, որ այն իր աշխատանքներում կձգտի նմանվել Վիրահայոց թեմին առընթեր գործող «Հայարտուն» մշակութա-կրթական կենտրոնին, հավաստիացնելով, որ ՀՀ պետական կառույցները, այդ թվում նաև Սփյուռքի նախարարությունը, Վրաստանում ՀՀ դեսպանությունն ու Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտապես կաջակցեն Կենտրոնին բոլոր հարցերում:
«Վարդան Ջիմիշյան» հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Հակոբյանը, իր հերթին, գոհունակություն հայտնեց, որ Հիմնադրամը աջակցեց նման բարձրակարգ Կենտրոնի բացմանը:
Կարդացեք նաև
Այնուհետև տեղի ունեցավ Կենտրոնի տնօրհնեքը, որն անցկացրեց ձեռամբ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, որից հետո հանդես եկավ նաև Կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, ով պատմեց Կենտրոնի հետագա գործունեության, նպատակների ու հեռանկարների մասին:
ՀՀ ԱԳՆ