«Ի՞նչ դասեր կարելի է քաղել Հայաստանում անցկացված հանրաքվեից։ Ի՞նչ ցույց տվեց այն։ Կփորձենք պատասխանել 5 հարցերի, որոնք առաջ է քաշել այս հանրաքվեն»,- նշված է Հայաստանում անցկացված Սահմանադրական բարեփոխումներին «BBC»-ի կատարած անդրադարձում։
Aravot.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է այդ վերլուծականը։
Ինչի՞ համար են քվեարկել։
Քարոզարշավի ընթացքից կարելի էր ենթադրել, որ երկրում կայանալու էր ոչ թե հանրաքվե, այլ կառավարությանը վստահության քվեի հայտնում։ Ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները եւ ակտիվիստները մեղադրում էին նախագահին նրանում, որ նա պատրաստվում է կառավարման նոր համակարգին անցնելն օգտագործել, որպեսզի մնա իշխանության գլխին։
Կարդացեք նաև
Ո՞վ է «այո» քվեարկել եւ ով «ոչ»։
Դժվար է վստահությամբ խոսել քվեարկության եւ ձայների հաշվարկի ընթացքում տեղ գտած խախտումների քանակի մասին։ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը հանրահավաքի ընթացքում հայտարարել է, որ խախտումներն աննախադեպ շատ էին, իսկ ԵԽԽՎ-ն խոսել է խախտումների մասին, բայց ոչ նման համատեքստով։
Եթե համեմատենք 2013 թվականի նախագահական ընտրությունների եւ այս հանրաքվեի ձայները, հետաքրքիր զուգադիպություն է ստացվում։ 2013 թվականին Սերժ Սարգսյանը ստացել է 860.000 ձայն, իսկ այս հանրաքվեին «այո» ստացել է 825.000։
Ո՞ր քաղաքական ուժը կարող է իրեն հաղթած համարել։
Խիստ ասած, ոչ մեկը։ Սահմանադրությունը պետք է ոչ թե ուժերի քաղաքական դասավորվածությունը ցույց տա, այլ ավելի կարեւոր բան. երկրի պետական կառուցվածքը եւ նրա քաղաքական ապագան։ Եվ այս համատեքստում իմաստ չունի խոսել ինչ-որ կուսակցության հաղթանակի մասին։ Սակայն եթե խոսենք իրական քաղաքականության տերմիններով, ապա առաջին հերթին հաղթել է իշխող Հանրապետական կուսակցությունը, երկրորդ հերթին՝ Դաշնակցությունը։
Հայաստանը մտնում է խորհրդարանական հանրապետությունների ցանկ։
Մի շարք հետխորհրդային երկրներ, մասնավորապես՝ Մոլդովան, Վրաստանը, Ղրղզըստանն, իսկ այժմ նաեւ Հայաստանը գնում են դեպի խորհրդարանական կառավարման համակարգ։ Այս երկրներին միավորում է այն, որ նրանք տարածքով եւ բնակչությամբ մեծ չեն։ Նրանք հզոր տնտեսություն կառուցելու գործում խնդիր ունեն։
Ուկրաինան եւ Ռուսաստանը խորհրդարանական եւ նախագահական համակարգերի խառնուրդ են։ Նախագահական կառավարման համակարգը պահպանվում է Կենտրոնական Ասիայի ավտորիտար երկրներում եւ Ադրբեջանում։
Ամենամակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ խորհրդարանական կառավարման ձեւը խրախուսում է քաղաքական գործընթացները եւ նպաստում ժողովրդավարության զարգացմանը։
Ինչպե՞ս կզարգանան Հայաստանի քաղաքական գործընթացները։
Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է, որ 2018 թվականին հեռանալու է քաղաքականությունից։ Հանրաքվեի արդյունքում իշխանությունը նախագահից կանցնի վարչապետին, որը ստիպված կլինի իր վրա վերցնել նաեւ Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ բանակցությունները։
Նա նաեւ կժառանգի առկա մի շարք խնդիրներ. կոռուպցիա, աղքատություն, գործազրկություն, արտագաղթ… Եվ սա տեղի կունենա, քանի որ այս հարցերը Սահմանադրությունը չի լուծում։ Այն միայն ստեղծում է հիմք, որի վրա հենվում է տնտեսությունը։ Ընդամենն այդքանը։
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ