Բրյուսել, 7 դեկտեմբերի, 2015թ.
Այսօր Հանձնաժողովն ընդունել է Ավիացիայի նոր ռազմավարությունը, որն ուղենշային նախաձեռնություն է՝ խթանելու Եվրոպայի տնտեսությունը, ուժեղացնելու դրա արդյունաբերական հիմքերը և ամրապնդելու ԵՄ-ի դերը՝ որպես համաշխարհային առաջատար։
ԵՄ ավիացիայի ռազմավարություն
Այսօր Եվրոպական հանձնաժողովն ընդունել է Եվրոպայի համար ավիացիայի նոր ռազմավարություն, որն ուղենշային նախաձեռնություն է՝ խթանելու Եվրոպայի տնտեսությունը, ուժեղացնելու նրա տնտեսական հիմքերը և ամրապնդելու նրա դերը՝ որպես համաշխարհային առաջատար։ Սրանք նախագահ Ժան-Կլոդ Յունկերի երեք հիմնական առաջնահերթություններն են, որոնց վրա էլ հիմնված է Ռազմավարությունը՝ ապահովելով եվրոպական ավիացիայի ոլորտի շարունակական մրցունակությունը և օգտվելով փոփոխվող և զարգացող համաշխարհային տնտեսության ընձեռած հնարավորություններից։ Ուժեղ և ԵՄ-ից դուրս զարգացման հնարավորություններ որոնող ավիացիան օգտավետ կլինի ոչ միայն բիզնեսների, այլ նաև Եվրոպայի քաղաքացիների համար՝ առաջարկելով ավելի շատ չվերթներ դեպի աշխարհի տարբեր մասեր ավելի մատչելի գներով։
Ըստ Էներգետիկ միության փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի․ «Մրցունակ և արդյունավետ ավիացիան նշանակալի է Եվրոպայի հետագա զարգացման համար։ Ավիացիայի նոր ռազմավարությունը ստեղծում է մի հայեցակարգ, որը հնարավորություն կտա եվրոպական ավիացիային պահպանել իր դիրքը որպես համաշխարհային առաջատար։ Այն նաև հաստատում է Եվրոպայի՝ կայուն ավիացիայի ոլորտում որպես առաջատար հանդես գալու հանձնառությունը՝ շատ արդիական խնդիր Փարիզում կայանալիք COP21-ին /Կողմերի համաժողով/ ընդառաջ»։
ԵՄ-ի տրանսպորտի գծով հանձնակատար Վիոլետա Բուլկը հավելել է «Եվրոպական ավիացիան կանգնած է մի շարք մարտահրավերների առջև, և այսօր ընդունված Ռազմավարությունն առաջադրում է համակողմանի և հավակնոտ գործողությունների ծրագիր՝ ապահովելու այս ոլորտի առաջատար դիրքերը։ Արդյունքում՝ եվրոպական ընկերությունները կպահպանեն մրցունակությունը, ինչը կնպաստի նրանց կայուն զարգացմանը։ Բացի այդ, Եվրոպայի քաղաքացիներին կտրվի ավելի մեծ ընտրության հնարավորություն, կառաջարկվեն ավելի մատչելի գներ և անվտանգության ու ապահովության ավելի բարձր մակարդակ»։
Հանձնաժողովի նպատակն է մշակել համակողմանի ռազմավարություն ԵՄ-ի ողջ ավիացիոն էկոհամակարգի համար։ Այս համատեքստում առաջնահերթությունները հետևյալն են․
1. Ապահովել ԵՄ-ի առաջատար դիրքը միջազգային ավիացիայում՝ միևնույն ժամանակ երաշխավորելով հավասար հնարավորություններ։ ԵՄ ավիացիայի ոլորտը պետք է հնարավորություն ունենա օգտվել նոր զարգացող շուկաներից։ Սա հնարավոր է աշխարհի խոշոր երկրների և տարածաշրջանների հետ արտաքին ավիացիայի նոր համաձայնագրերի կնքման շնորհիվ։ Սրա արդյունքում կբարելավվի հասանելիությունը շուկային, եվրոպական ընկերությունները նոր բիզնես հնարավորություններ կունենան, ինչպես նաև կտրամադրվեն հստակ կարգավորման շրջանակների վրա հիմնված, արդար և թափանցիկ շուկայական պայմաններ։Այս համաձայնագրերի արդյունքում ուղևորներին կառաջարկվեն ավելի մեծ թվով չվերթներ և ավելի մատչելի գներ։ Համաշխարհային կապակցվածությունն առևտրի և տուրիզմի զարգացման խթան է և ուղղակիորեն նպաստում է տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը։
2. Հաղթահարել զարգացման սահմանափակումները թե օդում, թե ցամաքում։ ԵՄ ավիացիայի զարգացման հիմնական մարտահրավերը հզորությունների, արդյունավետության և կապակցվածության սահմանափակումները վերացնելն է։ Եվրոպան օդային տարածքի մասնատվածության պատճառով տարեկան կրում է առնվազն 5 միլիարդ եվրոյի վնաս, և մինչև 50 միլիոն տոննա ածխաթթու գազ է արտանետվում մթնոլորտ։ ԵՄ օդանավակայանների սահմանափակ հզորությունը մինչև 2035թ․-ը կարող է 818000 աշխատատեղի կորստի հանգեցնել։ Ահա թե ինչու արդեն ժամանակն է, որ ԵՄ-ը գերբեռնվածությունից խուսափելու նպատակով պլանավորի ապագայի օդային երթևեկության պահանջարկը։ Այս իսկ պատճառով, Ռազմավարությունը շեշտում է Միասնական եվրոպական օդային տարածք ծրագիրն (Single European Sky) ավարտելու կարևորությունը, օպտիմալացնելու մեր ամենածանրաբեռնված օդանավակայանների օգտագործումը, ինչպես նաև ԵՄ-ի ներսում և ԵՄ-ից դուրս կապակցվածության մշտադիտարկումը՝ թերությունների վեր հանելու նպատակով։
3. Առաջնորդվել բարձր ԵՄ չափորոշիչներով: Եվրոպայի քաղաքացիների և բիզնեսների շահերից ելնելով՝ էական է պահպանել ապահովությանը, անվտանգությանը, բնապահպանական ու սոցիալական հարցերին և ուղևորների իրավունքներին առնչվող ԵՄ չափորոշիչները։ Այս առումով Ռազմավարությունն առաջարկում է կարևոր միջոցառումներ, այդ թվում՝ ԵՄ ապահովության կանոնների վերանայումն ու արդիականացումը, ինչը կհանգեցնի բարձր մակարդակի ապահովության չափորոշիչների պահպանմանը օդային երթևեկության աճող ծավալներին զուգահեռ։ Ավելին, արդյունավետ կարգավորող շրջանակների շնորհիվ արդյունաբերությունը կդառնա ավելի ճկուն՝ զարգանալով և համաշխարհային մակարդակում պահպանելով իր մրցունակությունը։ Հանձնաժողովը նաև կորոնի եղանակներ անվտանգության ստուգումների և ծախսերի բեռը նվազեցնելու համար՝ նոր տեխնոլոգիաների և ռիսկերի վրա հիմնված մոտեցման կիրառման միջոցով։ Այն էլ ավելի կամրապնդի ավիացիայի ոլորտում սոցիալական երկխոսությունը, կբարելավի աշխատանքային պայմանները և կհետևի ողջ աշխարհում ներդրված խիստ միջոցառներին՝ հասնելու ածխաթթու գազի ծավալների չեզոք աճին 2020թ.-ից ի վեր։
4. Առաջընթաց գրանցել նորարարության, թվային տեխնոլոգիաների և ներդրումների ուղղությամբ։ Նորարարությունը և թվայնացումը կնպաստեն ոչ միայն ավիացիայի զարգացմանը, այլ նաև դրա՝ որպես տնտեսական աճը և զարգացումը խթանող գործառույթի ամրապնդմանը։ Եվրոպան պետք է հատկապես լիարժեքորեն օգտագործի անօդաչու թռչող սարքերի ողջ ներուժը։ Ահա թե ինչու է Ռազմավարությունն առաջարկում օրենսդրական հենք՝ երաշխավորելու արդյունաբերության ապահովությունն ու իրավական որոշակիությունը։ Ռազմավարությունը նաև անդրադառնում է այն մտահոգություններին, որոնք վերաբերում են անձնական կյանքի գաղտնիությանը և տվյալների պաշտպանությանը, անվտանգությանը և շրջակա միջավայրին։ Բացի այդ, տեխնոլոգիայի և նորարարության ոլորտում համապատասխան ներդրումների կատարումը կերաշխավորի Եվրոպայի առաջատար դիրքը միջազգային ավիացիայի ոլորտում։ Եվրամիությունը նպատակ է հետապնդում ամեն տարի ներդնել 430 միլիոն եվրո մինչև 2020 թ. Միասնական եվրոպական օդային տարածքում օդային երթևեկության կառավարման հետազոտության (SESAR) ծրագրում։ SESAR-ի կողմից առաջարկվող լուծումների ժամանակին կիրառումը հավանաբար կհանգեցնի ավելի քան 300000 նոր աշխատատեղերի ստեղծման։ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ու օպտիմալացումը նաև հատկապես տեղին են օդանավակայանների հզորությունների, աշխատանքի արդյունավետության և ծառայության որակի առումով։
Ավիացիայի Ռազմավարության մասին լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է այստեղ`
Ավիացիայի Ռազմավարության կայք․ տեսանյութ, մեջբերումներ, ինֆոգրաֆիկա, հարցեր և պատասխաններ, փաստեր և թվեր
Հարցեր և պատասխաններ
Միջազգային ավիացիայի հուշագիր
Նախապատմություն
Ավիացիայի ռազմավարությունը Հանձնաժողովի 2015թ․-ի Աշխատանքային ծրագրում թվարկված նախաձեռնություններից մեկն է։ Այն ներառում է Հաղորդակցությունը, ԵՄ-ի ավիացիայի ապահովության կանոնների վերանայման առաջարկը (Կանոնակարգ 216/2008) և հայտերը՝ բանակցելու Համակողմանի ԵՄ մակարդակի տրանսպորտային համաձայնագրերի շուրջ մի շարք խոշոր, երրորդ երկրների հետ։
Ավիացիան Եվրամիության համար տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, առևտրի և շարժունության հզոր խթան է և էական դեր է խաղում ԵՄ տնտեսությունում։ Այս ոլորտում ԵՄ-ում աշխատում է գրեթե 2 միլիոն մարդ․ ավիացիան կազմում է Եվրոպայի տնտեսության 110 միլիարդ եվրո արժողությամբ հատվածը։ Վերջին 20 տարիների ընթացքում ԵՄ-ի՝ օդային տրանսպորտի ծառայությունների ներքին շուկայի ազատականացման և ԵՄ-ի ներսում, ինչպես նաև ողջ աշխարհում օդային տրանսպորտի պահանջարկի էական աճի արդյունքում եվրոպական ավիացիայի ոլորտը զգալիորեն ընդլայնվել է։ Եվրոպայում օդային երթևեկության ծավալները, ըստ կանխատեսումների, 2035թ-ին կհասնեն 14.4 միլիոն չվերթի, իսկ սա 50%-ով ավելի է 2012թ-ի համեմատ։
Եվրոպական հանձնաժողով