WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն օրերս տոնած հերթական հաղթանակից հետո բարի ավանդույթի համաձայն կրկին եկել է Հայաստան:
«Հենարան» մամուլի ակումբում ԶԼՄ-ների հետ այսօր կայացած ասուլիսում Արթուրը հայտարարեց. «Կարեւորը, որ ես հաղթում եմ: Իսկ ռինգում հաղթելուց հետո նաեւ հոգեւոր հաղթանակ է հարկավոր, որը ես ստանում եմ Հայաստանում: Վերջին մրցակիցս՝ Մարտին Մուրայը, լավ մարզիկ է, շատ ուժեղ բռնցքամարտիկների է հաղթել եւ մեծ փորձ ունի: Նա ուներ երկու պարտություն: Ինձ հետ հանդիպելուց հետո դարձավ երեքը: Արդեն իմ հաջորդ մրցակցի անունը հայտնի է: Գիտեմ, որ Մեքսիկայից է, անցկացրել է 25 մենամարտ, պարտություն չունի եւ ցուցակում 1-ին համարն է: Մեր մենամարտը կայանալու է եկող տարվա մարտին, բայց օրը դեռ պարզ չէ: Հիմա չեմ մտածում դրա մասին: Ինչպես միշտ, եկել եմ Հայաստան՝ հանգստանալու», – ասաց Արթուր Արքան:
Հարցին, թե օրերս նրան շնորհվեց Բեռլինի չեմպիոնի տիտղոս. ի՞նչ է զգում: Աբրահամը պատասխանեց. «Մրցանակը ստացա Հայաստան գալուս նախորդ օրը: Չորրորդ անգամ ճանաչվեցի Բեռլինի լավագույն մարզիկ: Դա ինձ համար մեծ պատիվ է, որովհետեւ Բեռլինում կան բազմաթիվ լավ մարզիկներ՝ օլիմպիական եւ աշխարհի չեմպիոններ: Իսկ երբ Հայաստանից ես գնում ու դառնում այնտեղի լավագույն մարզիկ, հպարտանում ես ու աշխատում ավելի լավ արդյունքներ ցույց տալ»:
Արթուրը նշեց, որ ուշադիր հետեւում է Հայաստանում տեղի ունեցող ամեն ինչի, մասնավորապես, հանրաքվեին, սակայն չցանկացավ այդ թեմային անդրադառնալ՝ նշելով, որ ինքը սպորտով է զբաղվում եւ աշխատում է իրեն քաղաքականությունից դուրս պահել:
Կարդացեք նաև
Ինչպես միշտ, լրատվամիջոցներին հետաքրքրում էր, թե անձնական կյանքում փոփոխություններ կա՞ն: «Կա: Արդեն վեց ամիս է՝ ամուսնացել եմ: Կնոջս անունը Մերի է: Ուսանող է: Սովորում է Երեւանի պետհամալսարանում: Ընտանիքիս համալրում դեռ չեմ սպասում: Հիմա ես ունեմ ամեն ինչ, բայց երազում եմ երեք որդի ունենալ», – ասաց Արթուր Աբրահամը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ