Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Պիպոյան. «Մի՞թե ընդդիմադիրները 2000 հոգի չգտան, որ յուրաքանչյուր ընտրատեղամասում մեկը նստեր»

Դեկտեմբեր 08,2015 15:29

Երգահան, կատարող Լիլիթ Պիպոյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության մասին՝ փաստեց, որ շատերը ինքնահոսի թողած՝ գնացել «Այո» են քվեարկել:

«Գիտեմ, որ, օրինակ, Գյումրին «Ոչ» է քվեարկել… Ինքս էլ գնացել ու մասնակցել եմ քվեարկությանը ու տեսեք ինչ եմ նկատել՝ երբ մարդկանց հետ զրուցում էի, ասում էին հետեւյալը, եթե «Ոչ» քվեարկեմ, ի՞նչ պիտի լինի դրանից հետո, ասում էին գոնե էս վիճակը լավ-վատ պահպանվի, դրա համար էլ «Այո» էին քվեարկում: Մի տեսակ անհուսության մթնոլորտում մարդիկ պասիվ են եւ ենթարկվող ընթացքին: Կարծես պայքարի տեղ չի մնացել, էլ ուժ չունեն, մյուս կողմից էլ հստակ դժվարանում են պատկերացնել՝ ո՞ր ընթացքը ինչ հետեւանքների կբերի…»:

Երգահանը գտնում է, որ ընտրողներն առանձնապես տեղեկացված չեն եղել: «Երեկ ես լսում էի «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, որը ասում էր՝ ինչ էլ ուզում եք արեք, միեւնույն է՝ անհնար է կանխել կեղծիքները: Բայց ինքս մտածում եմ՝ մի՞թե 2000 հոգի չգտնվեց, որպեսզի յուրաքանչյուր ընտրատեղամասում մեկը նստեր ու հսկեր ընթացքը: Երբ ընդդիմադիրների հետ խոսում ես, ասում են՝ մենք ռեսուրս չունենք, մի՞թե բոլոր ընդդիմադիր կուսակցությունների միջոցով դժվար էր 2000 հոգու կազմակերպելը»,- ասում է Լիլիթ Պիպոյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ մտավորականը, մշակույթի, գիտության մարդիկ պետք է նման պարագաներում ակտիվ լինեն, փորձեն մանրամասն բացատրել այս կամ այն քայլի հնարավոր հետեւանքները. «Նաեւ պետք էր քաջալերել մարդկանց, որ անպայման գնան քվեարկելու: Ես շատ մարդիկ եմ ճանաչում, որոնք ասում էին՝ չեմ գնալու, ես դրանով չեմ ուզում զբաղվել, որովհետեւ միեւնույն է՝ իրենք իրենցը կանեն, մինչդեռ պետք էր մարդկանց ստիպել, որ ակտիվ լինեն, մի բան, որ իմ կողմից արել եմ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031