ՀՀԿ պատգամավոր Մուրադ Մուրադյանը այսօր ԱԺ նիստում 2016-ի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ բողոքեց ֆինանսների նախարար Պավել Սաֆարյանին, որ իր առաջարկների 95 տոկոսը չի ընդունվել. «Նախկին Մասիսի շրջանի մասին է եւ քաղաքի մասին է: Ես ընդամենը յուրաքանչյուր համայնքի վերաբերյալ նշել եմ 20 մլն եւ այդ խնդիրների հետ լավ ծանոթ եմ»:
Նա հրավիրեց փոխնախարարին իր ներկայացրած խնդիրներն ուսումնասիրելու. «Եթե կասկածում ես, հրավիրում եմ այդ դպրոցը, մանկապարտեզը, որ տեսնեք, թե անձրեւների ժամանակ ինչ է կատարվում, ինչ վիճակի մեջ է այդ մանկապարտեզը: Եթե բաժանում եք գումարները, կամ վեկալեք հավասար բաժանեք, կամ եթե մերժում եք, բոլորին մերժեք, ես վատ վիճակի մեջ չհայտնվեմ, ի՞նչն է խնդիրը, որ 95 տոկոսը իմ առաջարկների մերժել եք: Խիստ կարիքավոր տեղերի համար ուզել եմ ընդամենը 20 մլն, դարդին դարման է: Միայն չասեք, թե մեծ գումարներ են պետք: Եթե կասկածում եք, հրավիրում եմ այդ տեղեր, միասին գնանք, նայենք»:
Պավել Սաֆարյանը հրավերի համար շնորհակալություն հայտնեց եւ ասաց, որ դա կազմակերպի իրավասու մարմիների հետ. «Ես շինարարության մասնագետ չեմ, ես ֆինանսների մասնագետ եմ: Ես ուղղակի ձեր զայրույթը չեմ հասկանում: Մենք ասել ենք, որ առաջարկությունները պետք է լինեն հնարավորությունների շրջանակում: Դուք առաջարկել էիք ինչ-որ երկրորդական ծախս կրճատել ու ձեր առաջարկությունները ընդունե՞լ, թե՞ լրացուցիչ գումար: Եթե այդպես լինի, բոլոր պատգամավորներն էլ կարող էին առաջարկություն անել ու հետո զարմանալ, թե ինչու չեն ընդունել: 100 մլն, 50 մլն շատ գումարներ չեն, բայց առաջարկություններ անելուց հետո գումարները չեն ավելանում չէ՞:
Մուրադ Մուրադյանն արձագանքեց, որ ավել գումար չի ուզում, եղածի շրջանակներում թող կազմակերպեն. «Արարատի մարզ, Մարմարաշեն համայնքի գյուղամիջյան ճանապարհների համար անհրաժեշտ է 19 մլն՝ մերժում, Արարատի մարզ Դարակերտ համայնքի դպրոցի վերանորոգման համար 20 մլն՝ մերժում, ես էդ գյուղում եմ ապրում, հասկանում եմ ինչի համար եք մերժել, բոլորը մերժում է, ո՞ր մեկի մասին է խոսքը: 20 մլն տվեք, մնացածը ես կկազմակերպեմ, որ գյուղում լինի մանկապարտեզ, ինչի՞ մասին է խոսքը, ես ավել չեմ ուզում»:
Կարդացեք նաև
Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ այդ գումարները նախ իրեն չեն տրամադրում, որ ավել ուզի կամ չուզի, տալիս են համայնքին. «Չեն տրամադրել, որովհետեւ չկա նախահաշիվ: 20 մլն փող եք գրել, ինչ-որ նախահաշիվ կա՞, հաշվա՞րկ է կատարված, տեխնիկական առաջարկ կա՞»:
Պավել Սաֆարյանը խոստացավ ՀՀԿ պատգամավորին առանձին դետալներ ավելի մանրամասն բացատրել առանձին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ