Եթե մի միջոցառման մասնակցել է մեկ միլիոնից ավելի մարդ, ինչ-որ ինտրիգներ բնական է, որ լինեն: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`գնահատելով դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Հիմնական խախտումներ, ըստ ԱԺ նախագահի, չեն եղել:
Ընտրախախտում իրականացնողները, ըստ ԱԺ նախագահի, ոչ թե ՀՀԿ-ին են արջի ծառայություն մատուցել, այլ նաեւ ՀՅԴ-ին եւ ԲՀԿ-ին, քանզի սա «ՀՀԿ-ի ընտրությունը չէր, սա քաղաքական ուժերի սկզբունքներով կազմակերպված հանրաքվե էր»:
Լրագրողի պնդմանը, որ այդ ծառայությունները ՀՀԿ-ի հրահանգով են կատարվել, Սահակյանը հայտարարեց, որ դրանք եղել են ՀԱԿ-ի պահանջով, որպեսզի «վերջիններս բողոքելու պատճառներ ունենան»:
Լրագրողները նկատեցին, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունն էլ է արձանագրել, որ հանրաքվեն բազում ընտրախախտումներով է ընթացել, Գալուստ Սահակյանը հակադարձեց, թե դրանք ոչ թե դիտորդական խմբեր են եղել, այլ ներկայացուցչական խմբեր, որոնք արձանագրում են իրավիճակը: «Նայած թե ով է հրավիրում և որ քաղաքական ուժի ազդեցության տակ են»,- եզրափակեց նա:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`իշխանությունները մտավախություն չունե՞ն, որ միջազգային կառույցները նման ընտրություններից հետո կհրաժարվեն ֆինանսներ տրամադրել մեր երկրին: ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Հայաստանին այնքան ֆինանսական աջակցություններ են անում, որ ընտրությունների հետևանքով պիտի չանեին: Մանավանդ, որ ընտրությունները անցել են բավարար»:
Գալուստ Սահակյանն էլ այն կարծիքին է, որ ընտրախախտումները, եթե այդպիսիք ապացուցվեն, այն ծավալի չեն, որ ազդեն հանրաքվեի արդյունքների վրա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ